Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխական ԲԴԽ-ն» տապալո՞ւմ է իր առաքելությունը, թե՞ դատարանները զրպարտության զոհ դարձան»

Փետրվար 08,2020 10:23

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ցույց տվեց, որ հանրաքվեն դառնալու է հասարակության երկու հակադիր բեւեռների միջեւ անջրպետի խորացման ու երկիրը, հանրային կյանքը պարալիզացնող, քայքայման տանող մի գործընթաց, որն իր մասշտաբներով մի քանի անգամ գերազանցելու է 2018-ի ընտրությունների բացասական էֆեկտը». «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը։

– Նախօրեին իշխող «Իմ քայլը» առաջարկեց իր կողմից հայտարարված ՍԴ ճգնաժամը լուծելու իր տաբերակը: Քաղաքական որոշում ընդունվեց եւ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» անդամների պաշտոնավարման հարցը կլուծվի հանրաքվեով: Ի՞նչ տպավորություններ ստացաք վերջին օրերի զարգացումներից:

– Քաղաքական իշխանությունն անցած տարի սկսեց Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների մի բազմատեսակ գործընթաց`քաղաքական հայտարարություններից մինչև քրեական գործերի հարուցում։ Այսօր, ահա, Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժը գնաց մի արկածախնդիր ճանապարհով և ոչ այս կողմ, ոչ այն կողմ` նախաձեռնեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել Սահմանադրության 213-րդ հոդվածն ու սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Բովանդակային առումով ասեմ, որ Սահմանադրական դատարանը ներկայացուցչական մարմին չէ, իսկ ահա հանրաքվեին դրվող այս հարցը փաստացի ՍԴ դատավորների «ընտրության» հարց է դառնում: Մի կողմ թողնելով 213-րդ հոդվածի փոփոխության հնարավորության մասին դատողությունները, արձանագրենք, որ սա հակատրամաբանական և հակաբնական գործընթաց է ու հակասում է Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական էությանն ու նշանակությանը: Կարևոր է, ի վերջո հասկանալ, որ Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում, շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության պահանջներից: Այս նախագծով ուղղակիորեն ոտնձգվում է իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքները:

Ընթացակարգային առումով, այս գործընթացն արդեն խնդրահարույց է, լեգիտիմության առումով, քանի որ, ըստ էության չեն պահպանվում Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով և 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սահմանադրականության պարզման նպատակով Սահմանադրական դատարան ուղարկելու պահանջը: Բացի այդ, ինչպես գիտեք, երեկ ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել ՀՀ իշխանություններին` Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հասկանում եք, սա աննախադեպ բան է, երբ առանց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին ուղարկելու սահմանադրությունում փոփոխություններ են նախաձեռնվում: Այս տրամաբանությունով հանրաքվե անցկացվելու դեպքում, այն լինելու է ՀՀ պատմության ամենա ոչ լեգիտիմ հանրաքվեն, անկախ արդյունքներից:

– Խորհրդարանական քննարկումներում հակափաստարկները բերեցին, դրանցից մեկն էլ այն է, որ ԱԺ-ի լիազորություններն են խլվել եւ փոխանցվել են ՍԴ-ին`վերջինիս բացառիկ անքննելիություն է նաեւ ապահովվել, ՍԴ-ն ԲԴԽ-ին է խանգարում լավ աշխատել եւ այլն: Նաեւ, հանրության 95 տոկոսն է իշխանական պատգամավորներին խնդրել`լուծել ՍԴ-ի ճգնաժամը:

– Այս նախաձեռնության հիմքում դրված պատճառաբանությունները ոտքից գլուխ կեղծ են: Եթե գնում ենք սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, ապա դրա հիմքում խորքային և ապագային միտված փոփոխություններ պետք է կատարվեն: Այդ պարագայում միայն կարելի կլինի խոսել Սահմանադրական փոփոխությունների գործընթացի պատճառաբանվածության և արդյունքում դրա նկատմամբ իրական հանրային կոնսեսուսի ձևավորման հնարավորության մասին: Նախ այս փոփոխությունները չպետք է միտված լինեն սահմանադրական դատարանի իշխանության սահմանափակմանն ու ՍԴ անցանկալի դատավորներից ազատվելուն, այլ հակառակը՝ պետք է նախատեսվեն իշխանությունների բաժանման և հավասարակշռման ավելի գործուն մեխանիզմներ՝ սահմանափակելով գործադիր իշխանության ղեկավարի սուպեր լիազորությունները:

Պետք է բարձրացվի խորհրդարանական ընդդիմության դերը, վերջինին օժտելով հանրային կյանքի վրա ավելի գործուն ազդեցություն ունենալու հնարավորությամբ, պետք է մեծացվի գործադիր իշխանության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև և այլ նմանատիպ առաջադիմական մոտեցումներ։ Վարչապետն իր` «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Հրայր Թամրազյանի մոտ, անցած տարվա հուլիս ամսին ունեցած հայտնի հարցազրույցում ասում էր, որ սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունը պետք է գա հանրությունից, բայց արձանագրենք, որ հանրությունն ու քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը երբևէ իշխանությունների առջև չեն դրել Սահմանադրական դատարանին առնչվող իրավակարգավորումների փոփոխության հարց: Սակայն, փոխարենը, հեղափոխությունից ի վեր կրկնում են սուպերվարչապետական լիազորությունների սահմանափակման նպատակով փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Ավելին, այս խայտառակ նախաձեռնությանն իրենց բացասական կարծիքն են հայտնել մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, հանրային գործիչներ, իրավաբան-գիտնականներ, հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Փաստաբանների պալատը և այլն:
Այսպիսով, արձանագրեմ, որ սահմանադրական փոփոխությունների նման հանրային կարևորության գործընթացը չպետք է միտված լինի իշխանությունը մեկ ուժի ձեռքում գերկենտրոնացնելուն ու հնի վերադարձին, այլ միտված լինի ապագային և բերի շոշափելի և առաջադիմական փոփոխություններ։

– Քաղաքական որոշումն ընդունված է: Ի՞նչ է սպասվում:

– Գործընթացն այս տրամաբանությամբ, բովանդակությամբ և նման ընթացակարգային խախտումներով շարունակելու դեպքում, մենք լավագույն դեպքում հավակնում ենք հայտնվել օրինակ՝ Հունգարիայի իրավիճակում, որտեղ մոտ 10 տարի առաջ, երբ ընտրողների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում իշխանության եկավ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը, շատ արագ ձեռնարկեց իրեն հակադրվող Սահմանադրական դատարանի իշխանությունը չեզոքացնելուն ուղղված սահմանադրության փոփոխություններ: Արդյունքում, երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները, որոնք ամբողջությամբ Վիկտոր Օրբանի իշխանության ներքո էին, ստացան գրեթե անսահմանափակ իշխանություն և Հունգարիան ինքնամեկուսացվեց դեմոկրատական երկրների ընտանիքից ու դասվեց ժողովրդավարությունը «թաղած» պետությունների շարքին: Կարծում եմ, մենք նման ապագայի մասին չենք երազում:

– ՍԴ-ի խնդիրը նմանօրինակ կերպով լուծելով դատաիրավական բարեփոխումները Հայաստանում կարելի՞ է ավարտված համարել:

– Իհարկե ոչ: Այս փոփոխություններն ընդհանրապես միտված չեն դատաիրավական համակարգի առողջացմանը, սա ընդամենը անձերի փոփոխության և լոյալ դատավորներ նշանակելու խնդիր է լուծում: Ինչ վերաբերվում է դատաիրավական համակարգին ընդհանրապես, ապա ցանկանում եմ հիշեցնել, որ արդեն մոտ տարի է, ինչ քաղաքական իշխանությունները հռչակել են դատաիրավական համակարգում խորքային բարեփոխումներ կատարելու իրենց նպատակի մասին: Հիշում ենք չէ՞ դատարանները շրջափակելու հայտնի դեպքերը, վեթինգի վերաբերյալ վարչապետի հրավիրած խորհրդակցությունն ու խորհրդարանական բաց լսումները: Ի՞նչ ունենք արդյունքում այսօր:

Դատաիրավական համակարգը բարեփոխելուն ուղղված ոչ մի նախագիծ և ոչ մի գործողություն: Այս ամբողջ մեկ տարին իշխանությունները վատնել են Սահմանադրական դատարանի «անցանկալի» դատավորների դեմ հայտարարված պատերազմով: Ինքս փաստաբան եմ և ամենօրյա ռեժիմով առնչվում եմ դատարանների և ընդհանրապես իրավական համակարգի հետ և վստահեցնում եմ, որ որևէ տեսանելի և առանցքային փոփոխություն չի իրականացվել: Փորձի համար, ծանոթացեք հայտարարված վեթինգից հետո կազմավորված Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների քանակին ու հաճախականությանը, դրանք իշխանությունների կողմից նկարագրված «կատաստրոֆիկ դատական համակարգի» լույսի ներքո անհամեմատ փոքրաթիվ ու հազվադեպ են, ուստի կամ դատարաններն այդքան էլ վատ վիճակում չէին և անհարկի զրպարտության զոհ դարձան, կամ էլ՝ «հեղափոխական ԲԴԽ-ն» տապալում է իր առաքելությունը:

– Արդյո՞ք այս հանրաքվեն լինելու է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հանրաքվե նաեւ: Կհաջողի՞ իշխանությանը կրկին բացառիկ հաղթանակ տանել` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի նվազող վարկանիշը:

– Հոռետեսական է ստացվում, բայց դա լինելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության վստահության հանրաքվեն, այլ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ցույց տվեց, որ այն դառնալու է հասարակության երկու հակադիր բեւեռների միջեւ անջրպետի խորացման ու երկիրը, հանրային կյանքը պարալիզացնող, քայքայման տանող մի գործընթաց, որն իր մաշտաբներով մի քանի անգամ գերազանցելու է 2018-ի ընտրությունների բացասական էֆեկտը:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 08․02․2020 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829