Այսօր, մոտ 25 տարի հետո, եթե ողջ լիներ Վլադիմիր Նազարյանը, ի՞նչ կասեր մեր սահմանադրության, ավելի ճիշտ՝ մեր երկրի սահմանադրականության, է՛լ ավելի ճիշտ՝ չսահմանադրականության մասին: Ի՞նչ կասեր նա մանավանդ ա՛յս օրերին, երբ Ազգային ժողովում հեղափոխաշունչ 37 իմքայլականներ շարունակում են քայլել ու կոխկրտել իբր թե գործող մեր Սահմանադրությունը էջ առ էջ, հատ-հատ եւ ամբողջությամբ:
Ու քանի որ մտել ենք վիրտուալ իրականության դաշտ, անշուշտ կարելի է հարց տալ մենք մեզ՝ այսօր ինչպիսի՞ սահմանադրություն գրելու պատվեր կտար Հեղափոխության առաջնորդը Վալոդին՝ միապետակա՞ն, որտեղ միապետը թե՛ խորհրդարան է, թե՛ կառավարություն, թե՛ նախագահ, թե՛ դատավոր ու դատախազ, ու դեռ՝ գերագույն գլխավոր հրամանատար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, ՀԴՄ պահանջող ՊԵԿ պաշտոնյա, սանհանգույցներ ստուգող սանէպիդկայանի քննիչ, միանգամայն selfist եւ selfish:
Հեղափոխության առաջնորդը, վստահ եմ, պիտի մերժեր անսահմանադիր կամ անգիր սահմանադրության երկիր ղեկավարելը- սահմանադրությունն ի՞նչ է որ չունենանք, ումի՞ց ենք պակաս: Հետեւաբար նրան մնում էր երկու տարբերակ: Առաջին՝ պահել այժմ գործող-չգործող սահմանադրությունը այնպես, ինչպես կա, սակայն այն միշտ ենթակա դարձնել փոփոխությունների կամ «բարեփոխությունների», այսինքն՝ մի տեսակ «Հարափոփոխ սահմանադրություն»:
Երկրորդ եւ, կարծում եմ, Առաջնորդի համար ավելի նպատակահարմար պիտի լիներ պատվիրել աշխարհում դեռեւս գոյություն չունեցող մի նոր եւ մոդայիկ տարբերակ՝ «Հիբրիդային սահմանադրություն»: Սրա գլխավոր առավելությունը այն կլիներ, որ Առաջնորդին հնարավորություն կտար տարբեր գործիքակազմերի կիրառմամբ շարունակ անակնկալի բերել իր հակառակորդներին, մրցակիցներին, յուրայիններին, ժողովրդային զանգվածներին, Վենետիկի հանձնաժողովին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին ու, երբեմն, զվարճանալու համար, սեփական անձին: Արդարացումը պատրաստ կլիներ միշտ՝ ժողովուրդը այսպես է ուզում:
Կարդացեք նաև
Ի՞նչ եք կարծում, Վալոդը պիտի ընդունե՞ր նման պատվերը:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում