Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատելության ծուղակը

Փետրվար 08,2020 10:00

Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլերի «Դա պատահել է Վիշիում» պիեսի գործողությունները ծավալվում են նացիստների կողմից օկուպացված Ֆրանիսայում: Մի խումբ տղամարդկանց ձերբակալել են՝ ռասսայական պատկանելությունը ստուգելու համար, ավելի ստույգ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մեջ հրեաներ կան: Եվ ահա գերմանացի ազնվական ֆոն Բերգը բողոքում է իր տան սպասավորներից, թե որքան են նրանք հիացած Հիտլերով, ինչպես են կանայք սիրահարված նրան, տեսնում են նրան երազում եւ այլն: Իսկ քիչ հետո հարցնում է՝ մի՞թե հնարավոր չէ լինել գերմանացի եւ չատել մնացած ժողովուրդներին: Բայց խնդիրը, եզրահանգում է ֆոն Բերգը, ոչ թե գերմանացի լինելն է, խնդիրն այդ մարդկանց դատարկության մեջ է, որը նրանք լցնում են ատելությամբ:

Կար այդպիսի դրվագ Գերմանիայի պատմության մեջ: Կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել, որ գերմանացի ժողովուրդն արժանի չէ ամենայն հարգանքի: Պարզապես պատմության ինչ-որ մի հատվածում գերմանացիների մեծամասնությունն ընկել էր ատելության ծուղակի մեջ, որից դուրս գալը մեծ ջանքեր եւ զոհեր պահանջեց:
Նացիստական բնազդների սրացումը գերմանացիների մոտ, իհարկե, արտառոց դեպք էր: Բայց բազմաթիվ այլ ազգերի մեծամասնության ներկայացուցիչներն ավելի սովորական իրավիճակներում իրենց, մեղմ ասած, սխալ են պահել: Օրինակ, մինչեւ 1960-ակաները, կամ նույնիսկ՝ ավելի ուշ, ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիները պահանջում էին, որ հանրային տրանսպորտում սեւամորթները նրանց տեղ զիջեն: Ի՞նչ է՝ ամերիկացիները վա՞տ ազգ են:

Ատելությունը, նախանձը, խանդը լատենտ վիճակում կա ամեն մի մարդու, ամեն մի ազգի մեջ: Ինչպես եւ սերը, մեծահոգությունը, կարեկցանքը: Նայած թե ինչն ենք ուզում արթնացնել ինչպես մեր, այնպես էլ ուրիշների հոգում: Սովորաբար քաղաքական գործիչներին ձեռնտու է բացասական կրքեր արթնացնելը, որովհետեւ ատելությունից կուրացած մարդկանց ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել (այդ չափազանց մոդայիկ արտահայտությունը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես «մատների վրա խաղացնել»): Բայց նման ձեւով են վարվում ոչ բոլոր քաղաքական գործիչները:

Նելսոն Մանդելան, որը 27 տարի անցկացրել էր անազատության մեջ, բանտից դուրս գալուց հետո հրավիրեց իր բանտապաններին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու իր երդմնակալության արարողությանը: Բացի դրանից, նա իրեն մեղադրող դատախազին հրավիրեց ճաշի, իսկ ապարտեիդի կազմակերպիչների կանանց եւ այրիներին՝ թեյի: Մանդելան գիտակցում էր, որ ապարտեիդը խորը հետքեր է թողել հասարակության մեջ, եւ ատելությունն ու վրեժխնդրությունը կհանգեցնեն համընդհանուր տապալման: Գիտակցելու համար հեռատեսություն է պետք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նյութական աղքատության պատճառը՝ դա հոգեւոր աղքատությունն է՝ նախանձի ու ագահության տեսքով, որը բնական է մանկական տարիքում, բայց եթե մարդ չի դաստիարակվում եւ այն անցնում է մեծահասակ տարիք, դա արդեն չարիք է: Մարդ պետք է արմատախիլ անի եւ իր միջից եւ իր շրջապատի մարդկանց միջից նախանձի ու ագահության հոգեւոր ախտը եւ հոգեւոր հարստության հետ կգա նաեւ նյութական հարստությունը:

    • Ruben says:

      Ժողովրդական իմաստությունն ասում է՝.
      «Рожденный ползать летать не может».
      «Горбатого могила исправит».
      «Заставь дурака Богу молиться, он и лоб побьет».

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Լավ էր, շնորհակալություն:
    Իրենց մոտ էլ ամեն ինչ սկսվեց «սիրով և համերաշխությամբ»: Գեղեցիկ երիտասարդներ, համատարած ոգևորություն…
    https://www.youtube.com/watch?v=SDuHXTG3uyY

  3. henri says:

    Ափսոս որ ամէն երկիր իր Մանտէլան չունի տակաւին …

  4. Մ.Գրիգորյան says:

    Հայ ժողովրդի գլխով այնքան «ամպեր» են անցել, որ բոլոր զգացումները ծայրահեղ սրված են: Եվ՛ սերը, և՛ ատելությունը: Բայց մի բան հաստատ է՝ վճռական պահերին մեր ազգը համախմբվում է ու ճիշտ որոշում է ընդունում: ՀԳ. Ոչ մի մանիպուլիացիա չկա, դա երկար ժամանակ նվաստացած ժողովրդի բնական արձագանքն է: Ամեն մեկը արտահայտվում է իր իմացած բառերով, ուզում ենք, թե չենք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829