«Ի՞նչ է նշանակում խաղաղության պատրաստել ժողովուրդներին, ի՞նչ է նշանակում բանակցային դետալների գաղտնիության կոչը, երբ խոսքը գնում է Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ծրագրի իրականացման մասին». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
– Երեկ խորհրդարանն արտահերթ նիստում պետք է քննարկեր «ՍԴ ճգնաժամը լուծելու» մասին նախագիծը` ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները, ինչի համաձայն, սահմանադրական փոփոխությունները հաստատվելու էին խորհրդարանում` շրջանցելով ՍԴ-ին եւ նախագահին, չնայած ԵԽԽՎ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից հնչած դիտողություններին: Սակայն, վերջին պահին, նախագիծը ետ կանչվեց: Իշխող «Իմ քայլը» քաղաքական որոշում ընդունեց` ՍԴ նախագահի եւ «հին» անդամների պաշտոնավարման հարցը դնել հանրաքվեի: Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել եւ ո՞ւր կարող են դրանք տանել:
– Հակաիրավական ու հակասահմանադրական գործունեությունը խորհրդարանի մեծամասնության համար դարձել է նորմ: Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոխելու իշխանական տենդն այլեւս ահազանգող է: Նույնիսկ անգրագետներն են արդեն հասկացել, որ այս ՍԴ-ն ունի լիարժեք լեգիտիմություն եւ գործունեության ամուր իրավական հիմքեր: Դա ավելի կատաղի է դարձնում իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերի ուղղորդված պայքարը Սահմանադրական դատարանի դեմ: Ինձ չի հետաքրքրում, թե ի՞նչ կարծիք կհայտնեն ԵԽԽՎ-ն ու մյուս միջազգային կառույցները, ինձ վախեցնում է այն, որ գործող իշխանությունները ՍԴ-ն շահագործելու հետին մտքեր ունեն: Ես շատ եմ վախենում այն հանգամանքից, որ փաշինյանականները ցանկանում են ստեղծել իրենց հնազանդ Սահմանադրական դատարան, որն ուլի նման՝ սահմանադրությանը համապատասխանող կճանաչի ցանկացած իրավաքաղաքական գործընթաց՝ այդ թվում նաեւ արցախյան բանակցային գործընթացում, ստամբուլյան կոնվենցիայում եւ ո՞վ գիտի, թե էլ ինչեր են մեզ սպասվելու: Եթե դա այդպես չէ, եւ մեզ պետք է անկախ, անաչառ ՍԴ, ապա մենք հիմա ունենք երեւի թե ամենաանաչառ ու իշխանություններից անկախ պրոֆեսիոնալ Սահմանադրական դատարան:
– 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունից 37 պատգամավոր էր ստորագրել նախագիծը եւ ուշագրավ է, որ ստորագրողների ցանկում չկային վարչապետ Փաշինյանի ազգական-բարեկամ պատգամավորները: Նիկոլ Փաշինյանը զոհաբերո՞ւմ է իր թիմակիցներին`հանուն իշխանության պահպանման:
Կարդացեք նաև
– Իրենք էլ են հասկանում, որ անօրինական նախաձեռնություններ են, ու ազգային ժողովը հիմա կոպտորեն օգտագործվում է ապագայի համար անհայտ նպատակներով: Նորից եմ ասում, նպատակը ՍԴ-ն չէ, այլ ՍԴ ներկայիս կազմը, որը կարծում եմ դեմ չի գնա ազգային շահերին եւ երբեք իրեն թույլ չի տա դուրս գալ սահմանադրականության շրջանակներից: Իսկ դա այսօր ամենակարեւորն է: Իր խնդիրները լուծելու համար, Փաշինյանն օր առաջ ցանկանում է փոխել ՍԴ կազմը: Դա նշանակում է, որ պետությունը զրկվում է իրավաքաղաքական իմունային համակարգից, եւ ամբողջ երկիրն ու նրա ապագան կախված է լինում մեկ մարդու պատկերացումներից: Իսկ ո՞վ ասաց, որ այդ մեկ մարդն իրավացի է, ու ազնիվ է իր նպատակների մեջ: Ո՞վ ասաց, որ այդ մեկ մարդը չի կարող կոպտորեն սխալվել, ու ճակատագրական սխալներ գործել երկրի համար: Եթե իմ այս ենթադրություններն իրավացի դուրս գան, միեւնույն է ես Նիկոլին չեմ մեղադրելու, այլ մեղադրելու եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մտածել գիտեն, հասկանում են այս ամենն ու խորը անտարբերության են մատնել՝ թքած ունենալով ամեն ինչ վրա:
– Բավական հետաքրքիր փուլում են հայտնվել նաեւ Արցախի հարցով զարգացումները: Թեեւ պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ բանակցություններ չկան, որ այս պահին որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, սակայն, ԱԳ նախարարները Ժնեւում երկու օր շարունակ հանդիպում են, ապա հայտարարություններ են հնչում`նաեւ հնգակողմ, զուգահեռաբար Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն է հանդիպում Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ: Մինչ այդ նաեւ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր նման հանդիպում ունեցել, Սերգեյ Լավրովն էր խոսել այդ մասին: Հրապարակված հայտարարություններից պարզ դարձավ, որ անդրադարձ է կատարվել հարցի կարգավորման «լայն շրջանակի»`«2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացման եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներին եւ տարրերին»։ Հղումներ եղան նաեւ Հելսինկյան պակտին: Ի՞նչ փուլ են մտել Արցախի հարցի կարգավորման գործընթացները:
– Արցախի հարցում եւս իշխանությունները խրվում են անհեռանկար ու վտանգավոր խաղի մեջ: Իրենց անորոշ հայտարարությունները կամ նախկին բանակցողներին ուղղված հիստերիկ քննադատությունները վկայում են նաեւ, որ ներկայումս իրենք բանակցում են մի բան, որի մասին վախենում են անգամ բարձրաձայն խոսել: Աստված տա, որ արցախյան կարգավորումը դուրս չգա իր տրամաբանությունից, որը մինչ այժմ ունեցել ենք: Այլապես կամ ազերի թուրքերն իրենց բոխչաներով կամ էլ պատերազմը թակելու են մեր դռները:
– Կապանում Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց», նախկին իշխանությունից Արցախի հարցում ստացած ժառանգությունը`«տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը եւ մարտահրավեր նետեց Արցախի նախագահի թեկնածուներին` իրենց մոտեցումները հրապարակայնացնելու: Ի՞նչ նպատակ ուներ այդ քայլն այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել, թե ո՞րն է հարցի կարգավորման իր կետը`նոր կետը, որտեղից խոստացել էր սկսել:
– Նախկին բանակցությունների մասին նման անհեթեթ ու ամբողջովին կեղծիք հանդիսացող քննադատություններով իշխանությունները երեւի թե փորձ են անում ապագայի իրենց հնարավոր ձախողումների համար արդարացումներ գտնել: Նախկին իշխանության բանակցային օրակարգը մեկն էր. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ միջազգային ճանաչումը: Սա այն բանալին էր, որով էտապային լուծում պետք է ստանային բանակցային բոլոր խնդիրները: Այսօր մենք նույնիսկ չունենք հստակեցված դիրքորոշում, թե ի՞նչ օրակարգով է Հայաստանը գնում բանակցելու: Այս աստիճանի թքած ունենալ ղարաբաղյան հարցի կարգավորման վրա, կամ այսքան անլրջություն դրսեւորել այդ կենսական հարցում, նույնիսկ պատկերացնելը դժվար է:
– Ի դեպ, Սերժ Սարգսյանն «անհեթեթություն» որակեց տարածքները վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, մինչդեռ հայտնի է, պարոն Սարգսյանն էլ հայտարարել էր, որ Կազանում Հայաստանը պատրաստ էր ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվեց: Սեյրան Օհանյանն էլ բացատրեց`թե տարածքներ վերադարձնելու շուրջ Հայաստանը բանակցել է`զուտ բանակցելու համար: Հստակություն կմտցնե՞ք` ի՞նչ էր կատարվում եւ ի՞նչ է կատարվում հիմա:
– Կազանյան փաստաթղթի մասին շատ է խոսվել: Այնտեղ ամրագրված էր նաեւ Արցախի՝ պաշտոնապես բանակցային կողմ դառնալու, ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի, անվտանգության եւ այլ հարցերի հաջորդականությունները՝ միջազգային երաշխիքներով հանդերձ: Ադրբեջանը վիժեցրեց այն, որովհետեւ համարում էր իր համար ոչ ձեռնտու: Արդյունքում, Հայաստանը ստատուս-քվոն պահպանելու համար ստացավ նոր լեգիտիմություն, իսկ բանակցային դիրքերում ավելի ամուր եւ հասկանալի կարգավիճակ: Այսօրվա բանակցությունները մտահոգիչ են իրենց անորոշությամբ: Իշխանություններն ասում են բանակցություն չկա, այլ աղբյուրների վերլուծություններից ակնհայտ է դառնում, որ բանակցվում է փաստաթուղթ, կամ առաջարկների նոր փաթեթ, կամ նոր նախաձեռնություն: Ինչի՞ մասին է այն, ի՞նչ է նշանակում խաղաղության պատրաստել ժողովուրդներին, ի՞նչ է նշանակում բանակցային դետալների գաղտնիության կոչը, երբ խոսքը գնում է Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ծրագրի իրականացման մասին եւ այլն: Շատ նման է Արցախի պատմության որոշ դրվագներին, որի արդյունքում մոտ 250 տարի առաջ Արցախում հաստատվեցին թրքական ցեղերը, իսկ հետագայում էլ հեղափոխական բոլշեւիկների քարոզչությամբ այն մնաց սովետական Ադրբեջանի կազմում: Եվ միայն զենքով ու ազատամարտով վերագտավ իր լիարժեք անկախությունն ու ազատությունը: Կարողանո՞ւմ են այսօր Փաշինյանն ու իր դիլետանտները պահպանել այդ ձեռքբերումը թե՞ ոչ, հենց սա է մեր քաղաքական պայքարի ամբողջ իմաստը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2020