Կամ՝ ինչպես մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նոր շունչ տալ 40-ամյա թանգարանին
Վերջերս Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրության շնորհանդեսը։
Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին եւ տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։
Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագիտական եւ ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Տիկին Բունիաթյանը հուսով է, որ նոր ձեւաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը 1980թ. հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է: Նրանից տեղեկացանք, որ տուն-թանգարանը տարեկան շուրջ 8 հազար այցելու է ունենում Հայաստանից եւ արտասահմանից:
Կարդացեք նաև
Տիկին Բունիաթյանը ներկայացրեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի համառոտ բովանդակությունը: 1928-1932թթ. Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու եւ երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաեւ Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Տիկին Բունիթայանի ձեւակերպմամբ, Օրբելին դիմել է այդ տարիների համար աննախադեպ քայլի. նա նամակ է գրել Ստալինին ու բացատրել, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը եւ մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի եւ իրենց հետ, սակայն Օրբելին, բարեբախտաբար, դրական պատասխան է ստանում, որով փրկում է ոչ միայն Էրմիտաժը, այլեւ երկրի շատ մշակութային օջախներ:
«Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձեւաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու եւ ՍՍՀՄ արտաքին առեւտրի անտիկվարիատի միջադեպն ու գիտնականի կատարած սխրանքը: Ծրագիրը կդառնա տուն-թանգարանի մշտական ցուցադրության մասը, կավելացնի մշակութային արժեքների քանակը՝ շուրջ 50-ով: Ծրագրի ներդնումը կարդիականացնի տուն-թանգարանի ծառայությունների մատուցման ձեւերը՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ եւ կնպաստի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը:
2020թ. Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նշելու է հիմնադրման 40-ամյակը, իսկ «Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի ներդնումը լավագույն նվերն է տուն-թանգարանի համար:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Նկարները՝ Մեդիանախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ» օրաթերթ
07.02.2020