Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ Երեւանի քաղաքապետարանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ:
– Մաեստրո, 2019թ. վերջերին նշանակվել եք Երեւանի քաղաքապետարանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, եկեք մեր զրույցը սկսենք դրանից: Թեեւ այդ նշանակման մասին դեռ քչերը գիտեն, բայց թույլ տվեք նկատել, որ արդեն տարակուսանքներ կան, թե «ներսում եւ դրսում» բազմազբաղ Թոփչյանը ինչպես է համաձայնել առաջարկին:
– Առաջարկը ստացել եմ նոյեմբերին, դասական արվեստի, մասնավորապես երաժշտարվեստի երկրպագու, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանից, որի երազանքն է եղել Երեւանում ունենալ պատանեկան նվագախումբ: Ի վերջո, մանկական կամ պատանեկան նման դասական կոլեկտիվները պարզապես անհրաժեշտություն են: Մշտապես շեփորվում է, թե տեր կանգնենք դասական արվեստին, հնչեցնենք, տարածենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Տեր կանգնելը սկսվում է հենց այդ տարիքից, եթե ոչ ավելի վաղ: Թող վերամբարձ չհնչի, բայց նման նվագախմբի գոյությունը մեր ազգի կամ ազգային սիմֆոնիկ երաժշտության ապագայի կերտման խնդիրն է: Հենց պատճառը սա է, որ իսկապես սիրով եմ համաձայնել առաջարկին: Նշեմ, որ նվագախմբի հետ աշխատանքներին ինձ մեծ աջակցություն են ցուցաբերում ֆիլհարմոնիկի երաժիշտները, որոնք յուրաքանչյուր շաբաթ օր պարապմունքներ են անցկացնում այդ կոլեկտիվի տարբեր խմբերի հետ: Առաջին համերգը, թույլ տվեք ասել՝ լուրջ ծրագրով, մեր երաժշտասերներին կներկայացնենք գարնանը: Չմոռանամ նշել, որ պատանեկանի հետ աշխատանքներում ինձ օգնում են նաեւ երիտասարդ դիրիժորները:
– Նվագախմբի պատանի երաժիշտներին, բնականաբար, ընտրել եք մասնագիտական երաժշտական կրթօջախներից, կարծում ենք՝ առաջին հերթին Չայկովսկու անվան, Սայաթ-Նովայի եւ այլ դպրոցներից:
Կարդացեք նաև
– Այդ հարցի պատասխանն ընթերցելիս ոչ թե ոմանք կամ շատերը, այլեւ համոզված եմ՝ չի գտնվի նույնիսկ դասական երաժշտությունից հեռու գոնե մեկ մարդ, որ չզարմանա, իմանալով այն փաստը, որ որոշ տնօրեններ պարզապես արգելել են իրենց սաներին ընդգրկվել նվագախմբում: Նման վերաբերմունքը, հայտարարում եմ, ոչ այլ ինչ է, քան հակազգային քաղաքականություն:
– Ֆիլհարմոնիկը առաջինն էր, որը 5 կամ 6 տարի առաջ հրավիրեց աշխատանքի լեգեոներների, ինչը շատ վաղուց ընդունված է արտասահմանում, այդ թվում՝ ճանաչված նվագախմբերում: Այդ օրվանից մինչ օրս մեզանում չեն դադարում խոսակցությունները, թե նրանց փոխարեն կարող էին մերոնք լինել:
– Այսօր էլ ունենք լեգեոներ երաժիշտներ՝ երկու գալարափողահար Ռուսաստանից եւ Իտալիայից, երկու տրոմբոնահար Իսպանիայից, տուբահար մեր հայրենակիցը Գերմանիայից, երկու շեփորահար Ռուսաստանից ու Գերմանիայից, Ռուսաստանից մեկական ֆագոտահար եւ պիկոլո ֆլեյտահար… Ի դեպ, պատանեկան նվագախմբի հետ աշխատանքներ են տանում նաեւ մեր լեգեոներները: Մի բան հաստատ իմացեք. լավ երաժշտի համար, մեր դեպքում՝ նվագախմբի արտիստի, տեղ մշտապես կա եւ կոնկրետ ֆիլհարմոնիկի երաժիշտների միջին տարիքը ոչ թե 40, այլ 35 է:
– Ձեր խոսքերից ստացվում է, որ մեզ մոտ «կաղում» է փողային գործիքների երաժիշտների դպրոցը:
– Այդպես է ստացվում, բայց ի վերջո պետք է ստեղծված վիճակից դուրս գանք, ինչը տարիների աշխատանք է պահանջում:
– Երբ «Առավոտի» էլեկտրոնային կայքը տեղեկացրեց, որ ֆիլհարմոնիկը հյուրախաղերի է մեկնել Չինաստան, հանրության շրջանում տագնապ սկսվեց…
– Դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 10-ը հյուրախաղերով, տասը համերգով հանդես եկանք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքներում: Ուհանում վերջին օրերին էինք եւ սկսվեցին խոսակցությունները կորոնավիրուսի հետ կապված: Փառք Աստծո, ոչ մի երաժիշտ չի վարակվել:
– Վերջերս Սիցիլիայի գլխավոր սիմֆոնիկ նվագախումբը ձեր ղեկավարությամբ եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ հնչեցրեց Եվգենի Եվտուշենկոյի խոսքերով Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիան («Բաբի Յար»), որը փայլուն անդրադարձ է անտիսեմիտիզմին: Ձեր մեկնաբանմամբ հնչել է նաեւ Կոպլանդի «Խաղաղ քաղաք» սիմֆոնիկ երկը: Հետաքրքիր է՝ հրավիրող կո՞ղմն էր ընտրել դրանք:
– Այո, բայց ես ձեր հարցում նկատեցի ենթատեքստ: Ֆիլհարմոնիկի երկացանկից երբեք չեն բացակայել հայ կոմպոզիտորները: 2019-ին ընդարձակ ծրագրով երկու համերգ ունեցանք նաեւ Գյումրիում: Էլ չեմ խոսում, որ մշտապես անդրադառնում ենք մեր դասականներին: Այս տարի Ղազարոս Սարյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակներն են: Օրինակ, աշնանը հրավեր ունեմ Հարությունյանի ստեղծագործություններով ղեկավարել Ռումինիայի գլխավոր նվագախումբը:
– Դեռեւս անցյալ տարվանից «Արամ Խաչատրյան» համերգասրահից անպակաս է «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» հայտագիրը, որը, բնականաբար, նվիրված է կոմպոզիտորի 250-ամյակին: Այս հոբելյանը կնշվի ողջ աշխարհում, մեզ մոտ ե՞րբ կտրվի այդ միջոցառումների մեկնարկը:
– Առաջին համերգը նշանակված է փետրվարի 21-ին, հրավիրված են ճանաչված երաժիշտներ՝ ԱՄՆ-ից դիրիժոր Ջոն Մելսոնը, Գերմանիայից դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Ընթացիկ տարում ֆիլհարմոնիկը կհնչեցնի Բեթհովեն, ինչպես նաեւ Հայդն, Բրամս, Մալեր, Բրուքներ, Ռիխարդ Շտրաուս, մի խոսքով՝ կոմպոզիտորներ, որոնք «առաջացել» են Բեթհովենից: Անհոգ եղեք, մեր ծրագրերում կան նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2020
Հայաստանում գործում են ոչ միայն կրոնական, այլ նաև մշակութային աղանդավորներ, որոնք շեղվելով ազգայինից, միջոցները ծառայեցնում են հիմնականում օտար մշակույթին, ազգայինը թողնելով ամենավերջին, ձևական տեղում … Ի՜նչ լավ կլիներ, եթե ասվեր ,, Անհոգ եղեք եվրոպականն էլ կա, – … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Է, թող ավարտեն, նոր բերեք նվագախումբ: