Սկիզբը՝ այստեղ
Մանիպուլյացիա 2. անհամարժեքների համահարթեցում
Անհամարժեք երեւույթներն իրար կողքի դնելու միջոցով արժեքավորը նվաստացնելը մանիպուլյացիայի վաղուց հայտնի եւ կիրառված տեսակ է. Հիսուսի հետ միաժամանակ խաչեցին նաեւ երկու ավազակի: Այսօր էլ խրամատավորված ճամբարները միմյանց ոչնչացնող քարոզչությունն անելիս տասնյակ կեղտոտ ապատեղեկատվությունները համեմում են որոշ ճշմարիտ տեղեկույթների հետ, ինչպես մայրն է փոքրիկին դառը դեղը խմեցնելիս հետը խառնում հաճելի համերով հեղուկներ: Տարբերությունն այն է, որ ներկա պատերազմում հրամցվողը ոչ թե դեղ է, այլ թույն՝ ուղղված քաղաքացու գիտակցությանն ու արժեքային ուղղորդիչներին:
Որպեսզի առավել հստակ լինի, ինչպես նախորդ, այնպես էլ այս եւ հետագա մանիպուլյացիաներն առարկայորեն ցույց տալու համար օրինակները կբերվեն միեւնույն՝ մեր հոգեւոր անվտանգության առավել զգայուն ոլորտից:
Կարդացեք նաև
Այսպես. իհարկե, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հրաշալի բան է, եթե դասավանդվում է հոգեւորականներ պատրաստող հաստատությունում: Մեկ-երկու տասնամյակ առաջ այն հրաշալի միջոց էր նաեւ հանրակրթական դպրոցում՝ ա) խորհրդային ժամանակների պարտադրած աթեիզմից հայաստանցի մանուկին դեպի ազատ ընտրության դաշտ տեղափոխելու, բ) զանազան կրոնական համայնքների հուժկու գրոհներին դիմակայելու համար: Հիմա այդ երկու պատճառն էլ եթե չեն վերացել, ապա նվազագույնի են հասցվել: Արդեն հնարավոր է Հայ եկեղեցու պատմությունն այլեւս շեշտված-առանձնացված չմատուցել, այլ ներհյուսել Հայոց պատմության առարկայական ծրագրում, ուր եւ իր իրական տեղն է:
Բայց այստեղ խնդիրը դպրոցական այդ առարկան չէ, այլ այն, որ դա դրվեց նույն շարքում եւ ավելորդության թեզը շրջանառվեց նույն պահին, ինչ «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» եւ «Հայոց լեզու» բուհական առարկաներինը: Նախ՝ առաջինը հանրակրթական է, մյուս երեքը՝ բուհական: Անտրամաբանական է սրանք նույն շարքում շրջանառելը, սակայն միանգամայն տրամաբանական է լղոզման, ձեւը բովանդակության հետ խառնելու միջոցով հանրային գիտակցությունը մանիպուլացնելու տեսանկյունից: Այսինքն՝ եթե ավելորդ է մեկը, ապա ավելորդ են նաեւ մյուսները. եթե երկու խաչյալն ավազակ են, ապա ավազակ է նաեւ Հիսուսը:
Իհարկե, իր մտավոր եւ հոգեւոր կարողություններին, մասնագիտական նախապատվությանը համապատասխան՝ հայոց պատմություն եւ հայ գրականություն պետք է իմանա ամեն ոք, որպեսզի քաղաքացի լինի, եթե իհարկե այդպիսի ելքային տվյալ ունենալու տեսլական ունեն ոլորտի պետական քաղաքականությունը տնօրինողները: Մյուս կողմից՝ չէ՞ որ մեր պատմությունն ու գրականությունն անցնում են հանրակրթականում, եւ գուցե դպրոցահասակի ընկալածը բավարար է նաեւ հետագա՞ կյանքի համար: Շատ հավանական է:
Բուհում գործ ունենք ազգի ապագա սերուցքի՝ գիտնականի ու արվեստագետի հետ, եւ նրան, իրոք, պետք է ոչ թե պատմությունը որպես ժամանակագրություն, այլ պատմության ըմբռնումը, ինչպես Առնոլդ Թոյնբին կասեր: Գիտությունն ազգ չունի, բայց ազգը գիտություն պարտավոր է ունենալ, եթե իսկապես ազգ է: Գրող Շեքսպիրը կամ նկարիչ Պոտպոմոգովը նույնքան իմն են, որքան անգլիացունը կամ ռուսինը. այստեղ ազգայինն այնքանով է, որքանով ա՛յն չէին լինի անգլիական գրականությունը կամ ռուս (նաեւ հայ) գեղանկարչությունը, միով բանիվ՝ այդ մշակույթները, ավելին՝ այդ ազգերը, եթե չլինեին Շեքսպիրը կամ Պոտպոմոգովը: Պետք է գտնել հաշտության այն խողովակը, որ հայաստանյան բուհավարտին չի դարձնի վարժեցված կենդանի կամ մեխանիզմի պտուտակ, որն ի զորու չէ մի կողմից՝ ո՛չ Շեքսպիր ու Պոտպոմոգով լինելու, մյուս կողմից՝ ո՛չ էլ Նյուտոն կամ նրա թիկնոցը ուսերին գցած Վիկտոր Համբարձումյան լինելու: Առաջավոր մշակույթները, կարծես, ունեն այդ խողովակը, որը կա՛մ ինքներս կհայտանգործենք յուրովի, կա՛մ կթարգմանենք, ինչպես հանճարեղ Մաշտոցն ու իր աշակերտները: Այսինքն՝ լա՛յն հայացքի տեր եւ թռիչքների ունակ Քաղաքացի-գիտնական ունենալն է խնդիրը: Եթե չկա այդ ակնկալիքը, ապա մեր ուղեղներն արտահոսելու են, քանի որ ամեն տեղ է մաթեմատիկան մաթեմատիկա. մեր հոգին արտահոսելու է, քանի որ ամեն տեղ է արվեստը արվեստ:
Վերջին հաշվով՝ հայոց պատմություն եւ հայ գրականություն, իրոք, որպես մասնագիտական առարկաներ ապագա բնագետին պետք չեն: Բայց պե՛տք են պատմության ըմբռնումն ու մշակույթի զարգացման տրամաբանության ըմբռնումը (օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանի՝ 2004թ. հրատարակած իմ գրքույկը կոչվում էր ոչ թե «Հայ գրականություն», այլ «Հայ գրականության զարգացման տրամաբանությունը»): Ուստի այդ առարկաները պետք է դիտել ոչ թե որպես նպատակ բուհերի ոչ հումանիտար բաժիններում, այլ միջոց: Եթե կա այլ միջոց, ապա պարտադիր առարկայացանկից հանելը միանգամայն ըմբռնելի է եւ ողջունելի: Իսկ հումանիզացման այլ միջոց կա՛, եւ դա հայոց լեզուն է (ո՛չ քերականությունը), որը համահարթեցման ու լղոզման միջոցով չտեսնելու տալը, խնդիրը ձեւախեղելը հերթական մանիպուլյացիան է, որին, ցավոք, ձեռք է զարնում մեր իշխանությունը: Իսկ իշխանությունից տրամաբանելու ակնկալիքներ կա՛ն Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից մինչեւ վերջին դյուրահավատ Պողոսի՝ որդու տունդարձն ակնկալող սպասումը:
Խորհրդային իշխանության տարիներին մենք բուհում անցնում էինք մեր մասնագիտությունների հետ առաջին հայացքից ոչ մի կապ չունեցող «ՍՄԿԿ պատմություն», «Քաղաքատնտեսություն», «Գիտական կոմունիզմ», «Գիտական աթեիզմ», գուցե էլի կլինեին, չեմ հիշում: Կոմունիստները գիտեին՝ ի՛նչ են ուզում: Իսկ եթե մենք կարծում ենք, որ մեզ միայն վերոհիշյալ պտուտակներն են պետք, ապա դա բուհական կրթությունը չէ: Եվ ո՞վ հուշեց Վարչապետին, թե Հարվարդում եւ այլուր ուսանող հայ երիտասարդների՝ հայերեն չանցնելը նույնն է, ինչ ԵՊՀ-ի կամ ՀԱՊՀ-ի Կիբեռնետիկայի ֆակուլտետում: Այդ հուշողները նման լղոզմամբ փորձում են ասել, թե Հայաստանին ինքնաբավ կրթական համակարգ պետք չէ. իրական բարձրագույն կրթությունը կարելի է ստանալ միայն դրսում՝ ոչ հայերեն գիտական լեզվով: Մի՞թե հայերեն գիտական լեզուն, տերմինաբանությունը զարգացնելու, ընթացքի մեջ դնելու համար պարտավորություն ունի Հարվարդի Կիբեռնետիկայի ֆակուլտետը: Մաշտոցի աշակերտները դրսում կրթություն ստացան հենց ա՛յն բանի համար, որ Հայաստանո՛ւմ հիմնեն ու զարգացնեն գիտական հայերենը, որի դեմ այսօր ջիհադ են սկսել: Սա անհամարժեքների մանիպուլյացիոն համեմատական է, որ դժվար է ընկալել առաջին հայացքից, իսկ երբ կսկսի նկատվել, արդեն ուշ, բավականին ուշ կլինի բունը սղոցված Ծառը փրկելը:
Բարոյական իրավունք չունենք տրտնջալու, որ նույն մանիպուլյացիան օտարներն են անում մեր դեմ. վաղը նույն տրամաբանությամբ հավասարման նշան կդրվի Արցախի Հանրապետության քաղաքացիների ու ժամանակին այնտեղ բնակված եւ այժմ Բաքվում հանգրվանած ադրբեջանական համայնքի միջեւ: Սա նույն անհամարժեքների համահարթեցումն է. գո՞հ ենք: Չկասկածենք՝ մտքերը, խոսքերը, գործերը վերադառնալու բնավորություն ունեն՝ անսպասելիորեն եւ անսպասելի տեղերից: Այն մանիպուլյացիան, ինչ հոգեւոր ոլորտը տնօրինողներն այսօր փորձում են անել մեր ժողովրդի գիտակցության հետ, արվելու է մեր իշխանությունների, միով բանիվ՝ մեր պետության հետ:
Պետությունը մեր ազգային գոյության, կրկնենք, միակ երաշխիքի՝ լեզվի պատասխանատուի լիազորությունն ուզում է հանձնել բուհերին՝ իբրեւ թե բուհերի ազատության սահմաններն ընդլայնելու նպատակով: Այդպես Լենինը ժամանակին փարիսեցիաբար ճանաչեց Թուրքահայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը. հետեւանքն իրեն ուշացնել չտվեց. Արեւմտյան Հայաստան չկա:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2020