«Հանրապետության նախագահը, եթե ֆորմալ լինենք, չպետք է, իհարկե, որեւէ ձեւով խառնվի ոչ գործադիր իշխանության գործունեությանը, ոչ նրա առանձին ճյուղերին՝ լինեն դրանք տնտեսական, ուժայինները կամ արտաքին քաղաքականության: Համագործակցություն՝ այո, խորհուրդ տալ՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի նկատմամբ՝ լինի գործադիրը, կամ օրենսդրը,կամ նույնիսկ Սահմանադրական դատարանը, իհարկե՝ ոչ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաեւ մեկնաբան է»,- այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Առավոտին», «Շանթ» հեռուստաընկերությանը եւ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել՝ պատասխանելով «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, որ ոմանք կշտամբում են ձեզ, քանի որ Սահմանադրական դատարանի շուրջ քաղաքական եռուզեռ է, իսկ նախագահն իր տեսակետը չի հայտնել:
Նախագահը հիշեց սովետական տարիների մի կատակ. «Երբ հարցնում էին քաղաքացուն՝ իսկ դուք Կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի նկատմամբ կարծիք ունե՞ք, պատասխանում էր՝ կարծիք ունեմ, բայց համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետեւյալն է՝ կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները սահմանափակ են»:
Կարդացեք նաև
Նախագահն ընդգծեց, որ իր խոսքը չի նշանակում, թե ՀՀ նախագահը պետք է ավելի մեծ լիազորություններ ունենա, եթե խորհրդարանական կառավարման երկիր ենք, ապա նախագահի լիազորությունները որքան քիչ, այնքան լավ:
Միաժամանակ Արմեն Սարգսյանն ասաց, որ նախագահը պետք է ազատություն ունենա այն ժամանակ, երբ Սահմանադրությունն է խախտվում. «Նախագահը հետեւում է Սահմանադրությանը, նա Սահմանադրության գարանտը չի, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար: Բայց նախագահը պատասխանատու է ոչ միայն Սահմանադրությանը հետեւելու, այլեւ ընդհանրապես պետությանը հետեւելու, որովհետեւ որոշում ընդունելիս նախագահը զուտ իրավական տեսակետից չպետք է նայի՝ արդյոք այս օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, այլ պետք է ավելի լայն նայի՝ տվյալ գործողությունը, որոշումն ինչպիսի՞ ազդեցություն է թողնելու մեր հանրության վրա, մեր պետության ու ընդհանրապես մեր ազգային շահերի ու հետաքրքրությունների վրա»:
Ըստ Արմեն Սարգսյանի, կարող է արտաքուստ հակասահմանադրական որոշում չլինի, բայց բացասական ազդեցություն գործի գյուղատնտեսության մի շարք կարեւոր ոլորտների վրա. «Նախագահը պետք է ավելի լայն նայի հարցերին. արդյոք այս կամ այն օրենքը, գործողությունը, որոշումը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մեր հանրության վրա: Ենթադրենք, իմ սեղանին հայտնվել է մի օրենք, որը, մասնագետների կարծիքով, չի հակասում Սահմանադրությանը եւ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա: Նախագահին մնում է կամ օրենքը ստորագրել, կամ չստորագրել եւ այդ դեպքում որոշակի ժամանակ անց Ազգային Ժողովը ավտոմատ կերպով այն կյանքի է կոչելու: Բայց նախագահը կարող է գիտակցել, որ Սահմանադրությանը չհակասելով հանդերձ, տվյալ օրենքը կարող է բացասական դեր խաղալ որոշակի ոլորտների համար: Որոշ երկրներում նման դեպքերում նախագահը կարող է վետոյի իրավունք կիրառել՝ հանրությանը ցույց տալով, որ համաձայն չէ օրենքի հետ եւ գործադիր եւ օրենսդիր իշխանությանն առաջարկում է նորից քննարկել: Կան երկրներ, որոնցում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել խորհրդարան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ