Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորայր Փանոսյանը կալանավորված է, որովհետեւ Հրայր Թովմասյանի ընկերն է եւ սանիկը». Տիգրան Աթանեսյան

Փետրվար 07,2020 20:03

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով նիստը: Պաշտպանական կողմի բողոքը վերաբերվում է Նորայր Փանոսյանի խափանման միջոց կալանավորմանը:

Նորայր Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով: Նա կալանավորվեց 2020 թվականի հունվարի 9-ին: Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին եւ նրա սանիկին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով` պաշտոնեական լիազորությունները չարաշահել: Հրայր Թովմասյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն`չհեռանալու մասին։

Նորայր Փանոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերին: Նրա նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նոյեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը Փանոսյանին ազատ արձակեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ։

Տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը Փանոսյանի մեղադրանքը լրացրեց եւ դիմեց դատարան: Նորայր Փանոսյանը կրկին կալանավորված է:

Այսօրվա նիստում Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ներկայացրել է 36 էջից բաղկացած իրենց բողոքը: Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Նորայր Փանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց`իրենք ակնհայտ անհիմն են համարում մեղադրանքը եւ իր պաշտպանյալի կալանավորումը. «Նորայր Փանոսյանը կալանավորված է, որովհետեւ Հրայր Թովմասյանի ընկերն է եւ սանիկը»: Գործում, ըստ նրա, հանցագործության նշույլ անգամ չկա. «Այդ հիմար միտքը չգիտեմ ո՞վ է ներկայացրել ղեկավարությանը եւ իրենք էլ տարածում են: Նման բան պարզապես չկա, դա միֆ է եւ տեղեկատվական մանիպուլյացիա, դա սուտ է, այդ գրասենյակները եղել են պետական, փոխանցվել են Երեւանի քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ վաճառել է: Ոչ ոք, ոչ մեկից, ոչինչ չի գողացել: Սա հնարովի է, կեղծ է»:

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նիստը կշարունակվի փետրվարի 12-ին, ժամը 11.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829