Արդյոք դուք ստորագրելո՞ւ եք համաժողովրդական հանրաքվեի մասին ԱԺ որոշումը՝ հարցել է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր եւ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանը: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Առավոտին», «Շանթ» հեռուստաընկերությանը եւ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին՝ ասել է. «Ես ուշիուշով հետեւել եմ, իհարկե, թե ինչ էր կատարվում: Ազգային ժողովից մենք համապատասխան փաստաթղթեր դեռ չենք ստացել: Երբ կստանանք, հանրությանը կներկայացնեմ իմ վերաբերմունքը: Խոսքը չի գնալու սոսկ ստորագրելու կամ չստորագրելու մասին: Ես փորձելու եմ նաեւ իմ ներդրումն ունենալ, ըստ էության, յուրաքանչյուր խնդիր»:
Երբ հիշեցրին, որ նախագահը երկու օրենք չի ստորագրել եւ ուղարկել է ՍԴ, խոսքը «Քրեական դատավարության» օրենսգրքի փոփոխությունների եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների մասին է՝ Արմեն Սարգսյանն արձագանքեց, որ իրավաբանական վարչությունը, մասնագետները գտել են, որ այդ օրենքների մեջ կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ, վերջնական պատասխանը պետք է տա ՍԴ-ն:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հանրաքվեին, նա ասաց. «Գաղտնիք չէ, որ ես կողմնակից եմ, որպեսզի մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը: Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին կարելի է դիմել հանրաքվեի, կամ պլեբիսցիտի՝ կամքի արտահայտման միջոցով: 21-րդ դարում սա շատ արժեքավոր է: Այսօր մենք ապրում ենք երկու կյանքով, մեկը՝ իրական, մյուսը՝ վիրտուալ: Վիրտուալ կյանքում լինում են բուռն քննարկումներ, կարծիքների բախումներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր եւ այդտեղ դու չես կարողանում կողմնորոշվես, տարանջատես իրականը ոչ իրականից, ճշմարիտը՝ արհեստականորեն ներմուծվածից: Այս պայմաններում շատ կարեւոր է, վերեւից՝ ամպերից ցած իջնել ցած, շփվել ժողովրդի հետ, լսել նրա իրական կարծիքը: Կան պարզ մեխանիզմներ, մեկը կամքի արտահայտումն է՝ պլեբիսցիտը, այն կարող է չկապվել Սահմանադրության, այս կամ այն օրենքի հետ: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը հանրությանը դիմում է պարզ հարցերով նույնիսկ՝ սկսած նրանից, թե տարածքում տրամվայ դնենք, թե չէ, միգրանտներին ինչպես վերաբերվենք, կամ ավելի խորը խնդիրներին, որը վերաբերում է բանակին, անվտանգությանը: Այս մշակույթը Հայաստանում կիրառելուց վախենալ պետք չէ: 21-րդ դարի «կրկնակի կյանքի» պայմաններում նույնիսկ անհրաժեշտություն է դառնում ամպերից իջնել ցած ու ժողովրդի կամքը եւ կարծիքը պարբերաբար ստանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ