«Երեկ հիմք դրվեց մեր երկրում իրավական անարխիայի»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագծին:
Նա մանրամասնեց, որ գործող օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվում են սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքները:
Նա այս առիթով պարզաբանեց. «Ինչ է ասում օրինականության սկզբունքը, որը 2015 թվականի Սահմանադրության ձեռքբերումներից է: Ասում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված գործողություններ: Իսկ տեղի ունեցավ այն, որ զուտ իրենց ցանկություններին տուրք տալու նպատակով մեր երկրում իշխանությունները ոտնահարեցին կարևորագույն սահմանադրական սկզբունքները, ընթացակարգերն ու նորմերը, ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգերը»:
Անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների հաջորդականությանը՝ սահմանադրագետն ասաց. «Երեկ ականատես եղանք սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման, որին անմիջապես հետևեց հանրաքվե անցկացնելու մասին ԱԺ նախագծի ընդունումը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պարտադիր կերպով և′ Սահմանադրության համաձայն, և′ ԱԺ կանոնակարգի ընթացակարգով սահմանում է, որ այս պարագայում պետք է հետագա քայլեր ունենար: Առաջին ընթերցումը տապալելու արդյունքում ընդամենն այդ նախագիծը չէր ընդունվելու: Որևէ ընթացակարգ չկա, որ պետք է հանրաքվեի որոշման նախագիծ քվեարկության դրվեր և բացի այդ նաև օրակարգում էլ նախատեսված չէր նման հարց»:
Կարդացեք նաև
Գոհար Մելոյանը տեղեկացրեց, թե իրականում ինչ ընթացակարգով պետք է խորհրդարանը գնար. «Ընթացակարգով պետք է առաջին ընթերցմամբ քննարկվեին սահմանադրական փոփոխությունները, հետո պետք է երկրորդ ընթերցում տեղի ունենար, քննարկեին սահմանադրական փոփոխությունները և պարտադիր դրանք ուղարկվեին ԱԺ որոշման տեսքով ՍԴ՝ դրական դիրքորոշմանը: Եթե ՍԴ-ն Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ դրական դիրքորոշում չտար, այդ դեպքում կրկին պրոցեսը դադարում է: Եթե ՍԴ-ն տալիս է դրական դիրքորոշում և երկրորդ ընթերցմամբ նոր տապալվում էր, այդ պարագայում նոր հնարավոր էր հանրաքվեի անցկացման նախագիծը բերել քննարկման և ընդունել այն: Ամբողջ այս ընթացքում շրջանցվեց, և արեցին այն, ինչ ուզում էին»:
Ըստ Գոհար Մելոյանի՝ դեռ մինչև փետրվարի 27-ը գործելու էր վաղաժամկետ կենսաթոշակի օրենքը, այսինքն՝ դեռ ժամկետ կար, որ հնարավորություն էր տալիս դատավորներին օգտագործել այս այլընտրանքային տարբերակը: Ուստի սահմանադրագետը չի հասկանում, թե որն է նման շտապողականության պատճառը:
Ըստ Գոհար Մելոյանի՝ հնարավոր է սա, իր բնութագրմամբ, բեմադրություն է, որ դրդեն ՍԴ դատավորներին օր առաջ օգտվել այդ հնարավորությունից: Նա եզրափակեց. «Հնարավոր է այլ օրհասական խնդիրներ կան լուծելու, որոնք այսպիսի սկզբունքային ՍԴ-ն հնարավորություն չի ընձեռում իրենց իրագործել: Գուցե իշխանության կողմից կապրիզ է հերթական սահմանադրական մարմնում ունենալ բացառապես յուրային անձինք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ