Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԿԸՀ անդամները կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով

Փետրվար 07,2020 18:55

Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի   մեկնաբանությունը Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ

Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։

Կցանկանայի ընդգծել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի Հանրապետություն պետության միջև որևէ իրավաքաղաքական կապ չկա։ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է արտահայտվել  անկախ պետականության ստեղծմանը։

Արդեն 29 տարի է, ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիները արդյունավետորեն իրացնում են ազատ և թափանցիկ կամարտահայտման միջոցով սեփական պետական կառույցներ ձևավորելու իրենց անքակտելի իրավունքը։  Մարտի 31-ին Արցախում կայանալիք հերթական համապետական ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան մեր երկրում ժողովրդավարական պետականության շարունակական ամրապնդման ճանապարհին։

Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Ադրբեջանում կայանալիք ընտրություններին կարող են մասնակցել միայն որպես միջազգային դիտորդներ, այն էլ՝ սեփական անվտանգության որոշակի երաշխիքների ապահովման պարագայում։

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց հերթին կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով։ Միայն այս ձևաչափով են կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829