Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խորը անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում մեր հասարակությանը պարտադրված պառակտման, “սևերի” և “սպիտակների”, «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» արհեստական բաժանման փաստի վերաբերյալ:
Ագրեսիայի և ատելության մակարդակն անցնում է քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բոլոր սահմանները և օրըստօրե ավելի սաստկանում, սպառնալով պետական անվտանգությանը: Հասարակությունը դարձել է այդ ատելության գերին, ինչով սնվելը վտանգավոր է ազգի գոյության համար: Ցավալի է, բայց այս երևույթը «սնելու» մեջ իր անմիջական ներդրումն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարն իր «ճշմարտացիությունը» հաստատելու ճանապարհին չի խորշում սպառնալ, վիրավորել, պիտակավորել ցանկացածին, ով հրապարակավ իր այլախոհությունն է արտահայտում: Սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև տագնապ է ներշնչում, խախտվում է հասարակական հարաբերությունների հավասարակշռության սկզբունքը:
Սրան հանդիման որոշ այլախոհների ճամբարից հնչում են ոչ պակաս ծայրահեղ գնահատականներ, վիրավորական արտահայտություններ: Երկու կողմից «ֆեյքերի» մի ամբողջ բանակ է դուրս եկել «մարտի դաշտ»:
Բանը հասել է նրան, որ սոցցանցերում սկսել են հայհոյանքներով խոսել մինչև անգամ կանայք, ինչը անհնարին էր պատկերացնել: Գործի դրվեցին նաև հարձակումներ մշակույթի, եկեղեցու և ընտանեկան այն արժեքների վրա, որոնց շնորհիվ պահպանվել է մեր ինքնությունը: Ցավոք, փորձ է արվում ներդնել նոր արժեքներ, որոնք տեղ են գտել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայում: Մարդկանց միջև բախումների, սպանությունների և ինքնասպանությունների հաճախակի դեպքերը արդյունք են ատելության մթնոլորտի:
Կարդացեք նաև
Ամենասարսափելին այն է, որ այս ագրեսիվ տրամադրությունները և պառակտումը կարող են ազդել մեր զինված ուժերի բարոյական ոգու և մարտունակության վրա:
Հարկավոր է կանգնեցնել առճակատման վտանգավոր պրոցեսը, վերադարձնել հասարակությանը իրականության զգացումը, դադարել փնտրել ներքին թշնամիներ, վերակենդանացնել ազգային համերաշխությունը և դա, առաջին հերթին, պետք է անի իշխանությունը: Եթե ոչ, ապա ինքն է իր անխոհեմ քայլերով ձգտում գահավիժման: Ընտրությունը ձերն է պարոնայք:
ՀԴԿ Հանրապետական խորհուրդ