Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհ՝ ՓՄՁ-ներին. ովքեր կարող են աջակցություն ստանալ

Փետրվար 07,2020 17:39

Փետրվարի 5-ից Հայաստանում մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհ» ծրագիրը, որի շահառուներ կարող են լինել փոքր ու միջին ձեռնարկությունները:

Այս ծրագրով աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 15-ը: Սակայն ոչ բոլոր ՓՄՁ ներկայացուցիչները կարող են օգտվել, կան սահմանափակումներ եւ առաջնահերթություններ:

Նախ, ձեռներեցը պետք է կարողանա հիմնավորել, որ իրեն այդ աջակցությունը հարկավոր է, որ այդ աջակցությունն, այսպես ասած՝ ծածկելու է իր խնդիրները:

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: Նա ասաց, որ ծրագրի նպատակն է զարգացնել ՓՄՁ-ի արտադրական ու արտահանման կարողությունները: Եթե որեւէ ՓՄՁ իր զարգացման ճանապարհին բախվում է խնդրի, խոչընդոտի, եւ ինքնուրույն իր տեսուրսներով չի կարողանում դրանք հաղթահարել, ապա այս ծրագիրն, ինչպես Մարգարյանն ասաց, կարող է աջակցել, բայց դրամաշնորհը տրվելու է մինչեւ 70%-ի չափով:

«Մենք թիրախավորում ենք գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումն ու տեքստիլը, սակայն չենք սահմանափակվում դրանցով, տարբերակումը պարզապես դրամաշնորհի մեծության սահմանների մեջ է»,-ասաց փոխնախարարը:

Ինչ աջակցություն են նախատեսում. Մարգարյանը ներկայացրեց՝ օրինակ՝ պահածո արտադրողը, երբ փորձի ՌԴ շուկա արտահանում իրականացնել՝ մի շարք խնդիրների առաջ է կանգնում՝ կապեր, տեղեկատվություն, որակի ստանդարտացման խնդիր եւ այլն. «Ամենահաճախ ծավալների խնդիրն է առաջ գալիս, երբ խոշոր ցանցի վրա ենք դուրս գալիս, որը կուզենար ներկայացնել այդ ՓՄՁ-ի արտադրանքը, սակայն ի հայտ է գալիս ծավալների խնդիրնը, նրանք մեծ ծավալներ են պահանջում, նրանց նվազագույն պահանջն ավելի մեծ է, քան մեր յուրաքանչյուր ՓՄՁ-ի արտադրած ծավալը: Այստեղ կարող է առաջանալ կոլեկտիվ ապրանքային նշանի կամ հավաքագրման խնդիրը կամ փաթեթավորման»:

Մրցույթը բաց է արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների համար, բայց չեն կարող դիմել ոսկու, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվողները: Այս մասին ասաց ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգային համագործակցության եւ բիզնեսի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 800 հազար դոլար: Գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման համար նվազագույնը սահմանվել է 30 մլն դրամ, առավելագույնը՝ 230 մլն դրամ: Այլ ոլորտների համար նվազագույն շեմը 15 մլն դրամ է, առավելագույնը՝ 140 մլն դրամ:

Ափուջանյանի խոսքերով՝ հաշվի առնելով ՀՀ-ում գինեգործության ճյուղի հնարավորությունները, ՀԲ-ից բացառություն են ստացել, եւ գինեգործությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռներեցները կարող են աջակցություն ստանալ:

Ծրագրին կարող են դիմել այն ձեռներեցները, որոնք նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ունեն՝ պետական գրանցմամբ, պետք է լինի շահույթ հետապնդող, հիմնված՝ ՀՀ-ում, եւ կկարողանա համաֆինանսավորել դրամաշնորհի 30%-ը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829