Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020 թվականին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:
Կարդացեք նաև
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ