Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը մարտի 5-ին հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը:
Տիգրան Նալչաջյանի խոսքով՝ դպրոցականների թեման իրեն շատ է հետաքրքրել, որովհետև նաեւ մանկավարժական գործունեություն է իրականացնում, դերասանի վարպետություն է դասավանդում դերասանական ստուդիայում:
«Բազմաթիվ ներկայացումներ ենք բեմադրել, ու կար ցանկություն այս անգամ էլ ֆիլմով ներկայանալ: Մենք ներկայացնում ենք մի դասարանի հետաքրքիր առօրյան, երկխոսություններում կատակներ կան, բայց զերծ ենք մնացել կարծրատիպային հումորներից, որոնք հանդիպում են տարատեսակ նախագծերում։ Այս ֆիլմում էժանագին հումոր չկա, որը հիմնված կլինի ինչ-որ մեկին ծաղրելու վրա։ Հատկապես դպրոցականների մասին ֆիլմը պետք է հեռու լինի նման հումորներից»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր, դերասանը:
Տիգրանը վստահեցնում է, որ ֆիլմը դեռահասների մասին է, սակայն այն մանկական չէ և կարող է մեծ լսարան ունենալ. «Դասարանցիները» դպրոցական բարձր տարիքի աշակերտների մասին է և հիմնական թիրախային խումբը, գուցե, կարելի է համարել հենց դպրոցականներին Այն կատակերգության և դրամայի ժանրային համակցություն է, և ֆիլմում կան ինչպես թեթև, ուրախ և հումորային տեսարաններ, այնպես էլ հուզիչ և դրամատիկ պահեր»։Ի դեպ, «Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանի սաները։
«Ֆիլմում նկարահանվել են «Սթեյջ 7» դերասանական ստուդիայի իմ սաները, որոնցից ամենահայտնին Ստեփան Հովհաննիսյանն է: Նրանք, ովքեր դիտել են «Արթնացիր» ֆիլմը, կտեսնեն նաև Օֆելյա Հարությունյանին, որն այնտեղ գլխավոր դեր էր խաղում և Լիլյա Գևորգյանին, որը երկրորդ պլանի դերով էր հանդես գալիս»,-հավելում է մեր զրուցակիցը: «Դասարանցիները» ֆիլմում, ի թիվս այլոց, նկարահանվել են նաեւ Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը։
Անի ՍԱՀԱԿՅԱՆ