Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողն ուշադրություն հրավիրեց՝ Արմեն Բիլյանը հայտարարել է՝ զինված ապստամբությունը շարունակելու է

Փետրվար 07,2020 16:09

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ քննեց դեկտեմբերին առաջին ատյանի դատարանի՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու դեմ ուղղված նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանի բողոքը:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ միջնորդել էին գրավ կիրառել, չափը՝ դատարանի հայեցողությամբ, սակայն միջնորդությունը մերժվել էր դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից. «Մեր պահանջն է, որ նրա կալանավորումը փոխվի գրավի կիրառմամբ»:

Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ անմեղությունն ապացուցելու համար մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու արդարություն:

«Ես ձեզ վտանգի տակ չեմ դնելու, որովհետեւ գիտեմ՝ անմեղ եմ: Իմ արածները երբեք ուրիշի վրա չեմ գցի: Վստահեցնում եմ, որ դեռ անելիք ունեմ ՀՀ-ում եւ փախուստը բացառում եմ: Փախուստը կնշանակի, որ ես իմ ձեռքով մեղքս ապացուցում եմ: Տղամարդու խոսք եմ տալիս, որ ձեր ուսերին ծանրություն չեք դնելու՝ ոչ բարոյական, ոչ իրավական: Ձեր որոշումից միայն հարգանք ու պատիվ եք ունենալու»,-դիմելով դատավորին՝ ասաց Բիլյանը:

«Սասնա ծռերի» գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ մատնանշելով, որ ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն առաջին ատյանում գործի քննության ընթացքում պարբերաբար ոչ իրավաչափ վարքագիծ են դրսեւորել, խոչընդոտել գործի քննությանը: Ըստ մեղադրողի՝ Բիլյանը կալանքի ներքո է, որովհետեւ կան հիմքեր՝ գործի քննությանը խոչընդոտելու եւ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականություն:

Պետրոս Պետրոսյան ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Արմեն Բիլյանը հայտարարել է՝ զինված ապստամբությունը շարունակելու է:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Փոստանջյանի բողոքը մերժել, ասել է թե՝ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը: Սա նշանակում է, որ Բիլյանը կշարունակի մնալ կալանքի ներքո:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի  սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում: Միայն Բիլյանը եւ ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն են, որ մինչեւ օրս կալանավորված են: Խմբի մյուս անդամները կալանքից ազատված են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829