Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջրի ու Արծվաբերդի ծննդատները պահելու համար բանակցում են հնարավոր աջակիցների հետ. Տավուշի մարզպետ

Փետրվար 07,2020 16:04

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն, անդրադառնալով Աչաջրի եւ Արծվաբերդի ծննդատների փակման հարցին, ասաց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկումները դեռեւս շարունակվում են՝ ինչպես են այդ գործընթացը շարունակելու. «Մյուս կողմից բավականին մեծացել է տարբեր տեղերից, տարբեր տեխնիկական աջակցության առաջարկները: Այսօր մենք բանակցում ենք հնարավոր աջակիցների՝ հովանավորների հետ: Բավականին մեծ ծավալի ներդրումներ են պահանջվում, որպեսզի ե՜ւ Արծվաբերդում ե՜ւ Աչաջրում կարողանանք ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ՝ անվտանգ ծննդօգնության համար»:

Մարզպետի խոսքով, ծննդատների գործունեությունը ապահովվում է համապատասխան լիցենզիայով, այսինքն՝ լիցենզիան տրվում է, եթե ծննդատունը համապատասխանում է, որոշակի չափանիշների. «Մենք, ըստ էության արձանագրում ենք, որ այս ծննդատները՝ ե՜ւ Աչաջրի ե՜ւ Արծվաբերդի, այնքան էլ չեն համապատասխանում այն չափանիշներին, որպեսզի ապահովեն անվտանգ ծննդօգնություն: Խոսքը վերաբերում է ծննդօգնությանը, որովհետեւ ամբուլատոր գործընթացի համար բոլոր պայմանները կան: Այս առողջության կենտրոնները հընթացս ծառայություն են մատուցում ծննդկաններին, այլ այցելուներին, ուղղակի, բուն ծննդաբերության ընթացքում անհրաժեշտ են նաեւ այդ տեխնիկական եւ մասնագիտական բաղադրիչները, որոնք կապահովի անվտանգ ծննդօգնություն»:

Մարզպետն ասաց, որ Արծվաբերդի ծննդատունը փոքրաթիվ ծնունդներ է ընդունում՝ մոտ մեկ տասնյակ, իսկ Աչաջրում, անցյալ տարվա ընթացքում, 77 ծնունդ է ընդունել եւ, եթե լինում են բարդ դեպքեր, տանում են Իջեւան, քանի որ շատ մոտ է գտնվում Աչաջրին. «Փառք Աստծո, որ մենք դժբախտ դեպքեր չենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ, եթե չենք ունեցել, պետք է չապահովենք հիվանդանոցում համապատասխան պայմաններ, որովհետեւ, ըստ մասնագետների, կրիտիկական վիճակը կարող է լինել ցանկացած ծննդաբերության ընթացքում: Մենք, որպես մարզի պատասխանատու, պարտավոր ենք այդ պայմաններն ապահովել: Ես իմ հարազատ մարդուն չեմ ուղղորդի այդտեղ, որտեղ համապատասխան պայմանները չկան՝ առողջ եւ անվտանգ ծննդաբերություն ընդունելու եւ, ես բարոյական իրավունք չունեմ մնացած բնակիչների համար էլ դա չանելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829