Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Կուզեի, որ քաղաքական գործունեությունը առիթ չլիներ կարդալը թարգելու համար»

Փետրվար 07,2020 15:45

«Վերջին օրերին մեր լրահոսը եւ հասարակության հետաքրքրության շրջանակը բացարձակապես գրական չէ… Այս պահին չափազանց քաղաքականացված հանրույթի հետ գործ ունենք, եւ թվում է, թե նման մթնոլորտում գրականության, առավել եւս ընթացքի, ձեռքբերումների մասին խոսելը, եթե չասեմ ժամանակավրեպ է, ապա անհարմար է ու անհետաքրքիր, նաեւ ոչ մոդայիկ… Ստացվեց այնպես, որ այսքան տարիներ տարվող աշխատանք` մարդկանց դեպի գիրքը բերելու, կարծես թե մի փոքր հետընթաց է ապրում վերջին ամիսներին»,- նշեց «Տեսակետ» ակումբում հյուրընկալված գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:

Անդրադառնալով գիրք նվիրելու օրվան եւ ձեւավորված ավանդույթին` նա ասաց, որ հոռետեսական այս հատույթի մեջ գիրք նվիրելու օրը տարեցտարի ավելի շուքով է նշվում եւ տոնվում պետական մակարդակով:

Մանրամասն` տեսանյութում 

Գրաքննադատը կարեւորում է այն, որ մարդիկ այժմ սիրով են գիրք գնում եւ գիրքը որպես նվեր այսօր արժեւորված է: Նրա խոսքերով, Հայաստանում ստեղծագործող երիտասարդները ներկայանալու եւ ստեղծագործելու խնդիր չունեն: «Հայաստանում ստեղծված ցանկացած լավ, անգամ տանելի տեքստ այսօր հրապարակվում է, բայց կարծում եմ` հետագայում կկատարվեն նաեւ որոշակի արժեքաբանական գնահատումներ եւ վերլուծություններ»,-նշեց նա:

Արքմենիկ Նիկողոսյանի ձեւակերպմամբ, յուրաքանչյուր գրող պետք է իմանա, որ լավ գրելն է գիրք ունենալու ճանապարհը. «Ցանկացած լավ գրողի առջեւ հրատարակիչների դռները բաց են»:

Մանրամասն` տեսանյութում 

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը հիշեց տարիներ առաջ Կասկադում կայացած մի միջոցառում, որը նվիրված էր գիրք նվիրելու օրվան: Ասում է` այդ օրը լրագրողներն ավելի շատ էին, քան ընթերցողները: Այժմ ուրախ է, որ տոնը կայացել է, մտել է բոլորի առօրյա, գրախանութներ, դպրոցներ:

Նա սիրով խոսեց նաեւ «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի մասին, որի մասնակիցներից մեկն էլ ինքն է, միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը, որը գումարներ էր ծախսել այդ ծրագրի համար, գնահատական չի տվել, ու իրենք այդպես էլ չեն հասկացել` ծրագիրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Անդրադարձավ նաեւ դպրոցական գրադարանների համալրմանը, որոնք հատկապես մարզերում, տասնամյակներով գրքեր չեն ստանում:

Մանրամասն` տեսանյութում 

Հասմիկ Հակոբյանը խոսեց նաեւ երիտասարդ գրողներին ու թարգմանիչներին ներկայացնելու` «Գրանիշի» փորձի մասին, ասաց, որ օրվա ընթացքում 3-4 ստեղծագործողից նամակներ են ստանում: Արքմենիկ Նիկողոսյանը հավելեց, թե չկա ամիս, որ որեւէ լավ գիրք լույս չտեսնի, կամ շաբաթ չկա, որ «Գրանիշում» մի լավ բանաստեղծական շարք չհրապարակվի:

Քանի որ այնպիսի փուլում ենք, որ որոշակի վերաարժեւորումների, ընդհանրացումների կարիք կա, նա խորհուրդ տվեց Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը կարդալ», ասաց, որ Գուրգեն Խանջյանն է նոր վեպ գրել ` «Ներսուդուրս» վերնագրով, որտեղ յուրօրինակ անդրադարձ կա հեղափոխության ընթացքին: «Հեղափոխությունից հետո ոգեւորված էինք, որ հեղափոխությանը մասնակցել են եւ իշխանության են եկել մարդիկ, որոնք կարդացած են, տեղյակ են ժամանակակից գրականությունից: Կուզեի, որ այդ կարծիքը առիթ չունենայինք փոխելու, եւ քաղաքական, պատգամավորական գործունեությունը առիթ չլիներ կարդալը թարգելու համար»,-շեշտեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա կարծում է, որ պետք է լայնախոհ լինել եւ այդքան չծանրանալ, թե մարդիկ ինչ գիրք են գնում, ասում է` շատերը դեպի գրականությունը գնացել են, օրինակ, «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ նման բնույթի այլ գրքեր կարդալով:

Մանրամասն` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829