Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ներկայացմամբ, 2019 թվականին մարզում հաշվառվել է 1367 նոր աշխատատեղ, որոնք ստեղծվել են ներդրումային ծրագրերի արդյունքում: Այս մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ: Մարզպետի խոսքով, այս ցուցանիշում ներառված չեն Պաշտպանության նախարարության համակարգում ստեղծված աշխատատեղերը, որը եւս մեծ թիվ է կազմում. «Չեմ կարող այդ թիվը հրապարակել, բայց եթե դա էլ հաշվի առնենք, թիվն առնվազն կհասնի 2000-ի: Դուք գիտեք, որ բանակում կարեւոր խնդիր է լուծվել: Այս պահին Տավուշի սահմանին ժամկետային զինծառայողներ չկան, պայմանագրային զինծառայողներ են միայն, որոնք թե՛ տարիքով, թե՛ փորձով ավելի բարձր ու հմուտ են»:
Հայկ Չոբանյանը հրապարակեց նաեւ տնտեսական այլ ցուցանիշներ, համաձայն որոնց, 2018 թվականին Տավուշի տնտեսական ֆինանսական ծավալը տարբեր ոլորտներում կազմել է 29,8 միլիարդ դրամ. «Դրա հիման վրա 2019 թվականը պլանավորված է եղել 30,5 միլիարդ ընդհանուր տնտեսական շրջանառություն, սակայն ունեցել ենք 46,6 միլիարդ դրամ ընդհանուր շրջանառություն՝ տնտեսական ներդրումների տեսքով»:
Ըստ մարզպետի, հիմնական աճն ապահովել են արդյունաբերության եւ փոքր ու միջին ձեռներեցության ոլորտները, ջերմոցային տնտեսությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ