«Իհարկե, ՀՀ-ում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին հանգեցրել է քաղաքական ճգնաժամի: Պատճառն այն է, որ սահմանադրական մակարդակում նախկինում նենգափոխվել է գործող Սահմանադրությունը, իսկ այսօրվա իշխանության մակարդակում նկատվում է սեփական գործառական առաքելության չգիտակցում եւ պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն ավելի է խորանում»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցը հանրաքվեի դնող ԱԺ որոշմանը, որը դեռ պետք է ստորագրի նախագահը, ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նրա բնորոշմամբ՝ հանրաքվեի միջոցով հարցը լուծելու խնդիրն այն է, որ «հակամարտությունը» պետք է ընթանար պետական ինստիտուտների միջեւ. «Օրենսդիրն ու գործադիրը մի թիմ են, մյուսը՝ դատական իշխանությունը ներկայացնող ՍԴ-ն է: Նենգափոխված Սահմանադրության եւ սեփական գործառույթներին չտիրապետող իշխանության հակամարտությունն արդեն վերածվում է միջանձնային https://www.aravot.am/2020/02/06/1092829/ հակամարտության, որը որեւէ արդյունք չի կարող տալ պետությանը»:
Այվազյանի խոսքով՝ երբ նախագահն իր դերում չի լինում, «զավակների» միջեւ «հակամարտությունը» հանգեցնում է «Կայենի եւ Աբելի» վերջաբանին. «Ինստիտուցիոնալ հակամարտությունը պետք է լուծվի ինստիտուցիոնալ մեթոդներով: ԱԺ-ի որոշումը՝ հանրաքվեի միջոցով լուծելու ՍԴ դատավորների պաշտոնավարման խնդիրը, ընթացակարգային առումով հակասահմանադրական է, որովհետեւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է ընթացակարգը, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 203-րդ հոդվածը սահմանում են խնդրի լուծումը: Համաձայն դրա՝ միայն ԱԺ-ի կողմից Սահմանադրությունում կատարվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո դրանք պետք է ուղարկվեն ՍԴ, որի դրական որոշումից հետո՝ ԱԺ՝ երկրորդ ընթերցման, որից հետո՝ նախագահին՝ ստորագրվելու եւ ուժի մեջ մտնելու համար: Եթե ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ 2/3-րդ ձայներ չեն հավաքվում, ընդհանուր թվի 3/5-րդով որոշում է կայացվում նախագիծը դնելու հանրաքվեի»:
Վարդան Այվազյանի խոսքով՝ նշյալ պարագայում եթե ԱԺ-ում առաջին ընթերցմամբ օրինագիծը չի ընդունվում, այն պետք է դուրս գա շրջանառությունից: Մինչդեռ օրինագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը պնդում է, որ առաջին ընթերցմամբ չանցնելու դեպքում հարցը դրվում է հանրաքվեի:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանը նաեւ համոզմունք հայտնեց՝ սպասվելիք հանրաքվեն չի կարող արտահայտել ժողովրդի իրական կարծիքը, քանի դեռ ատելության խոսքը հանրության շրջանում գերակշռող է:
Վարդան Այվազյանը համոզված է, որ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է «հակամարտության» կողմերին ուղիղ եթերով քննարկման հրավիրեր եւ լսեր կողմերի հիմնավորումները. «Ես երբեք չեմ լսել, որ Հրայր Թովմասյանը հիմնավորի, թե ինչու է պաշտոնավարելու մինչեւ 2035թ.-ը: Օրենսդիրը եւ գործադիրն անընդհատ ռմբակոծում են ՍԴ-ին՝ այն դարձնելով հալածյալ: Տպավորություն է, որ ճնշում են եւ ՍԴ-ն դնում զոհի կարգավիճակում: Եթե նախագահի հետ քննարկմանը լուծման չգային, նախագահը պետք է հրավիրեր սահմանադրական ասամբլեա, եւ ոչ հանձնաժողով, ներառելով Հանրային խորհուրդը, իրավաբաններին, միջազգային հեղինակավոր փորձագետներին, որոնք պետք է թնջուկը լուծելու համար որոշեին սահմանադրական փոփոխությունների համապատասխան ընթացակարգ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ