«Չի բացառվում՝ Հայաստանում լինի հանրաքվե այն օրը, երբ ընտրություններ լինեն Արցախում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա չի բացառում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի ԱԺ-ի ընդունած՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Այս առիթով նա ասաց. «Չի բացառվում՝ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին նախօրոք փաստերով պարտադրել է, որ վաղը կամ մյուս օրը Արմեն Սարգսյանը ստորագրի ապօրինի այդ փաստաթուղթը և չուղարկի ՍԴ նրա սահմանադրականությունը ստուգելու համար»:
Գառնիկ Իսագուլյանը կոչ արեց ՀՀ-ում գործող արտախորհրդարանական ուժերին և խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին. «Առաջարկում եմ զուգահեռ ստեղծել նոր կառավարություն՝ ժամանակավոր կառավարություն ստեղծել, քանի որ արդեն Հայաստանը գտնվում է ոչ օրինական, ոչ սահմանադրական ընթացքի մեջ, ուստի ցանկացած մեկն իրեն կարող է հռչակել վարչապետ»:
Նա առաջարկեց անցումային կառավարության վարչապետի պաշտոնը ստանձնել Գագիկ Ծառուկյանին, կամ Էդմոն Մարուքյանին. «Եթե իրենք չեն համաձայնի ստանձնել այս պաշտոնը, ապա Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, մարդ, ում անկախ իր ու իմ փոխհարաբերություններից կարող է ստանձնել ՀՀ ժամանակավոր վարչապետի պաշտոնը և պատրաստ է ստեղծել զուգահեռ պետական ինստիտուտներ, քանի դեռ այս անօրինական իշխանությունը գործում է: Եթե այս մարդիկ հրաժարվում են այդ պաշտոնից, ես՝ Գառնիկ Իսագուլյանս, պարտավորվում եմ ստանձնել անցումային վարչապետի պաշտոնը և կարճ ժամանակահատվածում ձևավորել պետական ինստիտուտներ»:
Կարդացեք նաև
Գառնիկ Իսագուլյանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանին խնդրեց Արցախում հայտարարել արտակարգ դրություն, հետաձգել Արցախում նախագահական և ԱԺ ընտրությունները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ