Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն:
Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նախագահի հետ հանդիպումը, նրա աջակցությունը Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նշել, որ պատրաստ են համագործակցել և հանդես գալ առաջարկներով:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ