«Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը չի հավատում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չստորագրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին» կազմի դատավորների պաշտոնավարման հարցը հանրաքվեի դնող նախագիծը, որը երեկ ընդունեց Ազգային ժողովը: «Նման բան չի կարող լինել: Որ օրը նա նման հակասություն ստեղծի, «իմպիչմենթի» (պաշտոնանկության.-խմբ.) հարցը տեղում կմտցնեն խորհրդարան եւ 24 ժամվա ընթացքում նրան պաշտոնանկ կանեն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Վահան Բաբայանը: «Դուք հավատում եք, որ նա կարող է որեւէ բան չստորագրե՞լ: Եթե նման բան անի, նա հայոց պատմության մեջ կմնա որպես հերոս»,- համոզմունք հայտնեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ Արմեն Սարգսյանը երեկ չի ստորագրել երկու օրենք եւ դիմել է ՍԴ՝ եզրակացություն ստանալու, Վահան Բաբայանը համոզված է՝ նախագահն այդպես է վարվել, որպեսզի իշխանությունը կարողանա ցույց տալ՝ «բաներ կա՝ ստորագրում է, բաներ կա՝ ոչ», քանի որ հանրության կարծիքով՝ «ինչ էլ ասեն՝ նախագահը ստիպված է ստորագրել»: ՍԴ-ի խնդրի վերաբերյալ էլ Բաբայանն առաջարկի մասին բարձրաձայնեց. «Կրճատեք ՍԴ դատավորների պաշտոնավարումը: Այդ հարցը դրեք հանրաքվեի: Բայց ստացվում է, որ խնդիրը դա չէ: Բացահայտ ասվում է, որ եթե ՍԴ դատավորները նախկին իշխանության օրոք են դարձել դատավոր, պետք է հեռանան, որովհետեւ նոր Հայաստան է»:
Ըստ Վահան Բաբայանի՝ ստացվում է, որ անկախ դատավորներ համարվելու են նրանք, ովքեր լինելու են Փաշինյանի կողմնակիցը. «Ովքեր կողմնակիցներ չեն, համարվելու են նախկին ռեժիմից մնացած պաշտոնյաներ: Բայց նույն ռեժիմից մնացել են նախագահ Արմեն Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ