«Մենք հիմա առանց պատյանի կրիա ենք՝ լրիվ անպաշտպան, ներսից պառակտված, լցված ատելությամբ: Սրա մասին խոսեց նաեւ Վանեցյանը, բայց դա ստվերվեց ՍԴ-ի վերաբերյալ զարգացումներով»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան-տպագիր ԶԼՄ-ների խմբագիրներ հանդիպմանը, ասաց «Ադեկվադի» անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը:
Նրա խոսքով՝ քչերն ուշադրություն դարձրին Վանեցյանի ուղերձներին. «Վտանգների գիտակցման տեսանկյունից կարելի է դիտարկել հարցը, թե ինչու Վանեցյանը գնաց: Կարելի է ենթադրել, որ եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց խախտումը եւ չկատարումը հանգեցրին իր պաշտոնը լքելուն: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել: Երբ որեւէ երկրում լինում է իշխանափոխություն, իշխանությունը որոշակի գայթակղություն է ունենում ոչ թե սպասում կամ խոստում իրականացնելու, այլ արագ յուրացնելու բոլոր հնարավորությունները եւ գործիքակազմը, արագ տեղավորվելու աթոռին եւ սեփական դիրքերն ամրապնդելու համար չարաշահելու ուժայիններին»:
Լիկա Թումանյանի բնորոշմամբ. «Մինչեւ Արթուր Վանեցյանի հրաժարականը որոշակի զսպումներ, այնուամենայնիվ, կային: Անբռնազբոս ապօրինության ծավալը, որը եղավ նրա գնալուց հետո, մինչեւ նրա հեռանալը չկար: Այս ենթադրությունը հաստատում է այն փաստը, որ Վանեցյանն ասաց՝ Քոչարյանի կալանքն արդարացված չէ եւ չափազանցված է: Հետեւաբար, որոշ գործընթացներում ուզել են ներքաշել Վանեցյանին, որին նա ընդդիմացել է: Վանեցյանի ուղերձը նաեւ այն է, որ ազգային օրակարգում սպառնալիքներ կան, որը քաղհասարակությունն է: Այդ ոլորտի մարդիկ այսօր նաեւ իշխանության մաս են կազմում, ուստի ազգային օրակարգով հ/կ-ներ ստեղծելու անհրաժեշտություն կա»:
Լիկա Թումանյանը շեշտեց՝ Վանեցյանը նաեւ փաստեց, որ նոր քաղաքական միավոր է ստեղծելու. «Այստեղ ռիսկեր կան: Ոչ բոլոր ուժային գործիչներն են լավ քաղաքական գործիչ: Որքան նրանք լինեն քիչ երեւացող, ավելի արդյունավետ է գործը: Իսկ քաղաքական գործչի պարագայում հակառակն է: Այստեղ Վանեցյանի համար դժվար կլինի ջրբաժանն անցնելը: Նա առայժմ որպես նախկին ԱԱԾ պետի կերպարում է, որը անուններ չի տալիս, ավելորդ տեղեկատվություն չի բացահայտում, բայց ընտրազանգվածը, որը հիասթափվել է, պահանջելու է դա նրանից: Իսկ իր ընտրազանգվածը Փաշինյանին հավատացած եւ նրանից հիասթափվածներն են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ