«Վանեցյանի հարցազրույցից սպասելիքները շատ էին. մարդիկ սպասում են սենսացիոն բացահայտումների՝ այնպիսի տեղեկատվության, որը նա պետք է հնչեցներ, որպեսզի մարդիկ հասկանային, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Բայց նոր տեղեկություններ չհնչեցին»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան-տպագիր ԶԼՄ-ների խմբագիրներ հանդիպմանը, ասաց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը: Նա նշեց, որ դա սպասելի էր. «Հանրությունն ընդունեց, որ նա հիասթափվել է, դուրս եկել համակարգից եւ ուզում է քաղաքականությամբ զբաղվել»:
Վահան Բաբայանը կարծում է՝ շատ լավ կլինի, որ Վանեցյանի նման պրոֆեսիոնալները զբաղվեն քաղաքականությամբ, բայց խնդիրն այլ է. «Ի՞նչ կարգի ընտրողի վրա է հույսը դրել Վանեցյանը: Ցավոք, մարդիկ քաղաքական դաշտը բաժանել են երկու մասի: Հանրության քաղաքական գիտակցությունը չի պոկվում երկբեւեռ ներկապնակից: Չենք կարողանում բացատրել, որ կան նաեւ այլ գույներ: Դա սխալ է եւ վտանգավոր: Եթե քննադատում ես Փաշինյանին, ուրեմն նախկիններից ես, սեւ ես, հակահեղափոխական ես, եւ կապ չունի, թե նախկինում ով ես եղել: Եթե Փաշինյանի մասին լավ բան ես ասում, ուրեմն հեղափոխական ես»:
Վահան Բաբայանի խոսքով՝ գուցե Վանեցյանն ունի իր հաշվարկները, սակայն իր պատկերացմամբ՝ նա կփորձի համախմբել հեղափոխությունից հիասթափված մարդկանց. «Նա իրեն զատել է նախկիններից: Զարմանալի է, որ նա Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կարծիք հայտնեց՝ ասելով, որ կալանքը սխալ է: Բայց չմոռանանք, որ դա եղել է իր պաշտոնավարման օրոք, ուստի սխալն ասելը որեւէ բան չի բացահայտում: Ամեն մեկն էլ կարող է ասել՝ դա սխա՞լ է, թե ոչ»:
Ըստ Վահան Բաբայանի՝ եթե Վանեցյանը, ինչպես ինքն է ասել, պետք է շարունակի հեղափոխության գաղափարները, ճիշտ կլինի՝ ասի, թե որոնք են դրանք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, Բաբայանի բնորոշմամբ, իշխանափոխությունից բացի՝ այլ գաղափարներ չունի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ