Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ. «Միայն մեկ հարցի համար չպետք է հանրաքվե հրավիրել». «Ժամանակ

Փետրվար 07,2020 12:58

Իրավագետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը համամիտ է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն տեսակետին, որ չարժե մեկ հարցի պատճառով հրավիրել հանրաքվե, հսկայական ծախսեր անել, ժողովրդին ոտքի հանել և բերել ընտրատեղամասեր։

Իրավագետը կարծիք հայտնեց, որ ՍԴ-ից սպասվող վտանգներ չկան։ Հակադարձեցինք, թե հասարակության մեջ կա կուտակված դժգոհություն, որ բարեփոխումներն ուշանում են, մարդիկ ռեալ քայլերի են սպասում, որ իրականացվի վեթինգ, դատաիրավական համակարգի բարեփոխումներ։

«Ես ժամանակին էլ նշել եմ, որ 2018թ․ տեղի ունեցած իրադարձություններն այնքան ժամանակ եմ համարելու իշխանափոխություն, քանի դեռ չի ընդունվել նոր Սահմանադրություն։ Որպեսզի այդ իրադարձությունները համարվեն հեղափոխություն, պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ պետական և հասարակական կառուցվածքներում։ Իսկ դա կարող է ամրագրվել միայն Սահմանադրությամբ։ Հնարավոր է աշնանը հրավիրել հանրաքվե, ներկայացնել նորմալ նախագիծ՝ ընդհանրական ընդգրկմամբ, բոլոր հարցերը հաշվի առնելով։ Սա ձևով և բովանդակությամբ արատավոր Սահմանադրություն է, պետք է փոխվի։ Բայց միայն մեկ հարցի համար չպետք է հանրաքվե հրավիրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ պետք է համբերել մինչև աշուն, ժամանակ տալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին, որպեսզի տեղի ունենան քննարկումներ։

«Սահմանադրությունները պետք է ընդունվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Մենք ընդունել ենք Քաղաքական և քաղաքացիական իրավունքների հռչակագիրը, ընդունել ենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։ Եվ այս պահին չեմ կարծում, թե պետք է գնալ հապճեպ քայլերի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նախկին ռեժիմի կողմից կա վտանգ, նախկինները ձգտում են ռևանշի, այդ իսկ պատճառով էլ համառորեն դիմադրում են, Նորիկ Եղիազարյանն արձագանքեց․ «Ո՞րն է վտանգը։ ՍԴ-ի միջոցո՞վ են փորձում, ինչո՞վ կարող է ՍԴ-ն նպաստել ռևանշիստական ուժերի ակտիվացմանը։ Ելնելով ՍԴ-ի իրավական կարգավիճակից, լիազորություններից՝ նման վտանգ ես չեմ տեսնում։ Վերջին հաշվով՝ ՍԴ-ն իննսուն տոկոսով գործերը քննում է դիմումների հիման վրա։ Պետք է դիմեն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը սխա՞լ է ընտրված։ ՍԴ-ն նման հարցեր քննարկելու իրավունք չունի։ Դա քննչական մարմինների և դատարանի իրավասությունն է։ ՍԴ-ն չի կարող փոխել խափանման միջոցը»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829