Հայաստանում քաղաքական մշակույթն աղճատման է ենթարկվում, քանի որ քաղաքական ուժերի միջև դիսկուրս, որպես այդպիսին, չկա, եղածն էլ ավելի ցածր է շրիշակային մակարդակից։
Քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներին փոխարինելու են գալիս մեղադրանքները, ատելությունն ու թշնամանքը միմյանց հասցեին, որը ժամանակի հետ տարածվում է հասարակության լայն շերտերի վրա։
Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ քաղաքական բառապաշար է մուտք գործում անընդունելի բառամթերք, բառապաշար, որն էլ ավելի է իջեցնում առանց այն էլ մեր մոտ դեռևս ձևավորման փուլում գտնվող քաղաքական մշակույթի մակարդակը։
Ու հետաքրքիրն այն է, որ ատելության կոչերը և գռեհիկ բառապաշարը տեղ են գտնում ոչ միան սոցցանցային ֆեյքերի կամ ոչ ֆեյքերի մակարդակով, այլև դրանք օգտագործվում են հենց քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, թե իրենք մեծ դերակատարություն ունեն հայաստանյան քաղաքական կյանքում։
Կարդացեք նաև
Ըստ այդմ, քաղաքական մշակույթում «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «թաթիկները կտրելու», «ոտքերը վրաները սրբելու» կոչերին, անվանարկումներին, պիտակավորումներին գումարվում են նաև վիրավորանքներն ու ամենավերջին հայհոյանքները իրենց քաղաքական գործիչ համարող որոշ երևույթների կողմից։
Ու նման գործելաոճը բնորոշ է ոչ միայն ներկայիս իշխանություններին, որի ներկայացուցիչները հասարակությունը շերտերի բաժանելու և ատելություն գեներացնելու մեծ վարպետներ են, այլև նախկիններին։
Մի կողմից՝ գործող իշխանությունների մոտ մեծամտության ու անսխալականության սինդրոմ է նկատվում, նրանք վստահ են, որ իրենք երկնքից ընկած մանանա են մեր ժողովրդի համար:
Մյուս կողմից՝ քանի որ արագորեն կորցնում են վարկանիշը, փորձում են իրենց իշխանությունն ու վարկանիշը փրկել թշնամիներ «ստեղծելու», դավադրություններ հնարելու և հասարակությանը մատուցելու, այլոց արատավորելու հաշվին:
Միևնույն ժամանակ իրենց կառավարման տարիներից ու դրանց հետևանքով իրենց հետ տեղի ունեցածից դասեր չեն քաղել նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները։
Թվում էր, թե իշխանափոխությունից և ժողովրդի վերաբերմունքի դրսևորումից հետո ՀՀԿ-ականները պետք է որ լուրջ փոփոխություն մտցնեին իրենց պահվածքի, խոսքի մեջ, բայց դա այդպես էլ նկատելի չէ։
Սա վերաբերում է նաև ընդդիմադիր դաշտում տեղավորվել ցանկացող որոշ ուժերի, ավելի ստույգ՝ անհատների, որոնք օգտագործում են խայտառակ բառապաշար: Ընդհանրապես, հայհոյանքն ու վիրավորանքը մի կողմից՝ թուլության նշան է, մյուս կողմից՝ փաստարկների բացակայության:
Սա վերաբերում է բոլորին՝ իշխանավորներ, իշխանամերձներ, ընդդիմադիրներ, սատելիտներ և այլն:
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: