Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբույծները գլխաքանակը համալրելու, ներդրումներ անելու իրենց ծրագրերը հետաձգում են` մինչեւ խնդիրները չլուծվեն

Փետրվար 07,2020 14:30

Այսօր կառավարությունը նիստում քննարկելու է սպանդանոցների կառուցման, անասունների տեղափոխման, մեքենաների գնման համար արտոնյալ պայմաններ ստեղծելու եւ ներդրողներին օգնելու հարցերը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթը պարտադիր էր մսամթերքի արտադրության եւ արտահանման բոլոր ոլորտներում, սակայն անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվող քաղաքացիների բողոքի ցույցերի հետեւանքով գործընթացը ժամանակավորապես կասեցվեց մինչեւ հուլիսի 1-ը: Անասնապահական բիզնեսով զբաղվող տնտեսվարողները թվարկեցին մի շարք անհարմարություններ, որոնք առաջ են գալիս մորթը սպանդանոցներում կազմակերպելու ճանապարհին: Նրանք ,մասնավորապես նշում էին սպանդանոցների հեռավորությունը, սակավությունը, կենդանին տեղափոխելու հետ կապված խնդիրները:

Ժամկետները հետաձգելով` կառավարությունը պատրաստակամություն հայտնեց ներդնել սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ, որոնք սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար կստեղծեն լավագույն պայմաններ: Բացի այդ, կառավարությունը մարզպետարանների եւ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ` փորձելով առավելագույնս հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը լուծում են: Այդուհանդերձ գյուղոլորտի մասնագետները գտնում են, որ հուլիսի 1-ից էլ սպանդանոցների խնդիրը չի լուծվելու, քանի դեռ կառավարությունը ուշադրություն չի դարձնում անասնաբույծների բարձրացրած մի շարք խնդիրներին, որոնք պետք է լուծվեն, ոչ թե ֆերմերների ու կառավարության միջեւ, այլեւ` սպանդանոցի ու որոշում կայացնող մարմնի` այսինքն` կառավարության միջեւ:

Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը այս օրերին այցելել է մարզեր, հանդիպումներ ունեցել անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, սպանդանոցների ղեկավարների, միջնորդ օղակների հետ: Այսինքն` բոլոր նրանց, որոնք  անասնաբույծից մինչեւ սպանդանոց շղթայում առնչվում են այս խնդրին: Բացի այն, որ գյուղատնտեսները մատնանշել են անասնապահական ֆերմաներից սպանդանոցները հեռու լինելու հանգամանքը, ինչպես նաեւ սպանդանոցների անբավարար քանակը, կենդանիների` տրանսպորտային միջոցներ բարձրացումը եւ բեռնաթափումը, հատկապես, երբ նրանց կենդանի քաշը մի քանի հարյուր` 500-700 կիլոգրամ է, լուրջ խնդիր է: Ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, սպանդանոցները չունեն հարմարեցված մեքենաներ, որպեսզի այդ կենդանիներին բարձրացնեն ավտոմեքենաների թափք: Փոխադրման համար նախատեսված տեխնիկական միջոցների վիճակն անբավարար է: Տեղափոխման ընթացքում կենդանու քաշի կորուստը եւ վնասման ռիսկը մեծ է: Ֆերմերները նաեւ խնդիր են համարում տեղափոխման համար նախատեսված լրացուցիչ վճարները, երբ անասուններին պետք է տեղափոխել 30 կիլոմետրը գերազանցող սպանդանոց նաեւ` ուղեկցման ծախսերը դեպի սպանդանոց: Անասնաբույծները դժգոհել են, որ երեք անասուն մորթելու համար, ստիպված են եղել 7-8 ժամ մնալ սպանդանոցում, ինչը անտեղի ժամանակի կորուստ է: Ըստ նրանց, կան անասնապահներ, որոնք միայնակ են զբաղվում տնտեսությամբ, ուստի այդքան ժամ չեն կարող բացակայել աշխատանքից: Հանձնաժողովի մասնագետները մի շարք սպանդանոցներում խոզի մորթի բացակայություն են արձանագրել: Ֆերմերները մտահոգություն են հայտնել նաեւ, որ ենթամթերքը եւ անասունների ներքին օրգանները` գլուխ, ոտք, պոչ, սիրտ, լյարդ եւ այլն, անվճար են վերցնում, մինչդեռ սպանդանոցներում մորթը կազմակերպելու իրազեկման ժամանակ իրենց հայտնել են, որ ենթամթերքը եւ ներքին օրգանները կարող են հանդիսանալ  ծառայության ծախսերի վճարման միջոց կամ էլ ենթակա են պարտադիր վերադարձման: Արձանագրել են նաեւ չվերադարձման դեպքեր: Անասնապահները հանդիպման ժամանակ նաեւ հարց են տվել` անասունների տեղափոխման ընթացքում տեխնիկական վնասվածքների դեպքում ով պետք է փոխհատուցի այդ վնասը, եթե դրա պատճառով կենդանու միսը բարձր կարգից իջնում է` դառնալով ցածր կարգի:

Անասնաբույծները մատնանշել են նաեւ սպանդանոցների` ոչ թափանցիկ աշխատաոճը, երբ անասունը մի կետից մուտք է գործում սպանդանոց եւ մեկ այլ կետից դուրս գալիս, որի հետ կատարվող գործողություններին որեւէ ձեւով ներկա չեն լինում կենդանիների տերերը:

Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը այս խնդիրների առնչությամբ առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը: Դրանք, խորհրդի անդամների կարծիքով, հավասարակշռում են հանրության անվտանգության գերակա շահն ու անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվողների շահերը:

Սպանդանոցներում մորթի կազմակերպումը խթանելու ու անգամ բակային մորթի ծավալները կրճատելու նպատակով խորհրդի անդամները խորհուրդ են տալիս դիտարկել սպանդանոցում մորթ կազմակերպող գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորում` անասնագլխաքանակի կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար 70 դրամի չափով: Առաջարկում են նաեւ սահմանել ենթամթերքի եւ ներքին օրգանների ընդունման նվազագույն գներ: Բացի այդ, անտոկոս վարկերի, սուբսիդիաների տրամադրման եւ այլ գործիքներով խրախուսել սպանդանոցների հիմնման, տեղափոխման, տեխնիկական հագեցման, վնասելու ռիսկերի նվազեցման եւ թափանցիկ մորթ կազմակերպելու նպատակով: Իսկ տեղափոխման հետ կապված խնդիրները լուծելու համատեքստում դիտարկել համայնքներում կոոպերացիայի սկզբունքով սպանդանոցների հիմնումը խթանելու մեխանիզմներ:

Ի դեպ, խորհրդի անդամները հանդիպումների ժամանակ նաեւ տեղեկացել էին, որ շատ անասնաբույծներ հետաձգում են ներդրում անելու, անասնագլխաքանակը մեծացնելու իրենց ծրագրերը` անորոշության պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829