Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հաղորդում տված դատապարտյալին ձայնագրիչ էր տրամադրել՝ նրան ձայնագրելու համար

Փետրվար 07,2020 14:00

ՄԻԵԴ որոշման մանրամասները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործի» մասին մենք տեղեկացրել էինք անցյալ տարվա դեկտեմբերի հինգին, երբ ՄԻԵԴ որոշումը եղավ (aravot.am/2019/12/ 05/1081659): Գանգատաբերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ ՄԻԵԴ-ը արձանագրել էր Կ.Համբարձումյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, մասնավոր կյանքի իրավունքի խախտումը: Դատարանը որոշել էր տալ փոխհատուցում՝ 1200 եվրոյի չափով:

Նշեմ, որ ՄԻԵԴ որոշումն արդեն թարգմանվել է եւ տեղադրվել արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

9 տարվա ազատազրկման դատապարտված Կարինե Համբարձումյանի գանգատը ՄԻԵԴ ուղարկել էր նրա փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը: Հայաստանի կառավարության կողմից առարկությունները ներկայացրել էր ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գ. Կոստանյանը:

Ըստ ՄԻԵԴ որոշման, դիմումատուն ՄԻԵԴ ուղարկելիս գտնվել է կալանավորված: Նա աշխատել է ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որպես կանանց տեղամասի պետի տեղակալ: Ըստ նրա դեմ հարուցված քրեական գործի, տասը տարի առաջ՝ փետրվարի 2-ին նրա դեմ դատապարտյալներից մեկը՝ Ա.Ս.-ն,  ոստիկանության 6-րդ վարչություն հաղորդում է ներկայացրել, նրա կողմից  կաշառք պահանջելու, բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու նպատակով: Ոստիկանությունը տեսագրություն, ձայնագրում կատարելու միջնորդությամբ հաջորդ օրը դիմել է դատարան, որը մեկ ամսով բավարարել է այդ միջնորդությունը: ՄԻԵԴ դիմումատուն վերցվել է օպերատիվ հսկողության տակ, իսկ հաղորդում տված դատապարտյալը զանգել է տեղամասի պետին, հանդիպում նշանակել նրա հետ: Ոստիկանությունը հաղորդում տված դատապարտյալին ձայնագրիչ էր տրամադրել՝ նրան ձայնագրելու համար: Նրանք հանդիպել են Կ.Համբարձումյանի տան մոտ, զրուցել, իսկ խոսակցությունը գտնվել է հսկողության տակ:

Փետրվարի 4-ին ոստիկանության օպերաշխատակիցները քիմիական նյութերով մշակված թղթադրամներ են տվել դատապարտյալին՝ դրանք Կարինեին հանձնելու համար: Ստանալու պահին նա ձերբակալվել է, ոստիկանները նկարել են այդ ամենը:

Փետրվարի 7-ին Կ.Համբարձումյանը կալանավորվել էր:

Ըստ ՄԻԵԴ գանգատի, դատարանի որոշման մեջ նշված չի եղել նրա անձին դիտելու մասին, կարող էին ցանկացած անձի դիտել, քանի որ որոշումն անորոշ էր: Ստացվել է, որ Կ.Համբարձումյանին դիտել են առանց դատարանի պատշաճ որոշման:

Դրանով խախտվել էր անձի մասնավոր կյանքի գաղտնիության, անձեռնմխելիության, հաղորդակցության գաղտնիության նկատմամբ հարգանքի իրավունքը:

Ըստ գանգատաբերի, դատարանը գաղտնի դիտումների վրա է դատավճռով դատապարտել:

Բողոքում Կ.Համբարձումյանն ասել էր, որ տեղեկացված չի եղել որոշման մասին, հետեւաբար, չի կարողացել բողոքել, ինչի մասին ակնարկել էր ՀՀ կառավարությունը՝  նշելով, թե որոշումը չի բողոքարկվել:

2011թ. մարտի 1-ին վերաքննիչ դատարանն էլ մերժել էր բողոքը: ՄԻԵԴ-ը արձանագրել էր, որ Վճռաբեկ, վերաքննիչ դատարանները չեն հիմնավորել՝ ինչու:

Ըստ ՄԻԵԴ-ի՝ իրավական պաշտպանության միջոցները հասանելի չեն եղել, հետեւաբար, անարդյունավետ են, եւ որ դատարանը չի հստակեցրել որոշման վերանայման շրջանակները. «Ներպետական օրենսդրության որոշակի դրույթների բացակայության դեպքում բնավ պարզ չէր, թե արդյոք վերաքննիչ դատարանը իրավասու էր քննել, թե վիճարկվող միջնորդությունն արդյոք ծայրահեղ սոցիալական աջակցություն էր եւ արդյոք համաչափ էր հետապնդվող նպատակներին»:

ՄԻԵԴ-ը հանգել էր, որ Կոնվենցիայի խախտում է եղել, միջամտություն էր, իսկ «օրենքով նախատեսված» օպերատիվ միջոցառումը «վիճարկվելի միջոցառում» էր, կանխատեսելի չի եղել հետեւանքների մասով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829