Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին «տերերի» չկշտանալու մոլուցքը դարձել է իմ եւ Կոնդի բնակչության համար սպառնալիք

Փետրվար 07,2020 13:30

Նկարչուհու նամակը Երեւանի քաղաքապետին   

Լեոյի 76 հասցեի տունը, որի սեփականատերն եմ, պատմամշակութային կառույց է եւ գտնվում է նախկին հիդրոմետ ծառայության շենքի հարեւանությամբ, որն այժմ վերակառուցում են՝ որպես հյուրանոց: Ինձ եւ Կոնդի բնակիչներին հասած տեղեկություններով՝ շենքը պատկանում է Գալուստ Սահակյանի տղային՝ Արման Սահակյանին (պետական գույքի կառավարման վարչության պետ 2011- 2018թթ.), որի թեթեւ ձեռքով սեփականաշնորհվել է (իհարկե՝ մեկ այլ մարդու անունով):

Նախկին «տերերի» չկշտանալու մոլուցքը դարձել է իմ եւ Կոնդի բնակչության համար սպառնալիք: «Թույլատրված» շինարարությունը վտանգավոր չափերի է հասել: Փորել են մինչեւ իմ սեփական տան պատը, կտրել ծառերը, հանել են հուշաղբյուրը, քանդել մուտքի դռան տարածքը: Իմ եւ Կոնդի բնակիչների կողմից բարձրացրած գրավոր եւ բանավոր բողոքները հասել են մինչեւ ստուգման պահը եւ բավարարվել են ասելով, որ շինարարությունը կատարվում է համաձայն հաստատված նախագծի: Օգտվելով  այդ անմարդկայի թույլտվությունից, որն, ի դեպ, տրված չափագրումների խախտումներով է կատարվում, կառուցապատողը կանգ չի առնում նույնիսկ բազմաթիվ բողոքներից, վեճերից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  6-րդ հոդվածի 4-րդ կետի  բ. ենթակետի համաձայն, կառուցապատողը մինչեւ շինարարության սկսելը, ինչպես նաեւ շինարարության ընթացքում, պարտավոր է համաձայնության գալ կառուցապատման հետեւանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:

Նախկին «տերերը» թքած ունեին օրենքի եւ քաղաքացու իրավունքների վրա, ինչն ապացուցելու կարիք չունեմ, սակայն հիմա լիահույս եմ, որ բողոքիս ձայնը կհասնի Ձեզ, գլխավոր ճարտարապետին, պատկան մարմիններին եւ կվերանայվեն նույնիսկ արդեն իսկ տրված «թույլտվությունները»:

Իրենց մի քանի սանտիմետր ավելի ունենալու մոլուցքն ու գործողություններն այսօր զրկում են ինձ, ընտանիքիս այդ տանն ապրելու հնարավորությունից:

Պարոն Մարության, որպես լիիրավ քաղաքացի, ապագայի հանդեպ հույսով ու հավատով լցված եւ պայքարող մարդ, խնդրում եմ Ձեզ՝ ընթացք տալ կանխելու ապօրինի գործողությունները:

ԵՎԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանկավարժ, ՀՀ նկարիչների, թատերական գործիչների միությունների անդամ 

Նամակը պատրաստ էր տպագրման, երբ ստացվեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը: Նամակում խոսք էր գնում այն մասին, որ սեփականատերն այլ է՝ «Կամ Դեւելոփմենս» ՍՊ ընկերությունը, որի իրավունքը հողամասի նկատմամբ սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն:

«Առավոտի» տեղեկություններով՝ այսօր Կոնդում բնակիչները ժողով կանեն, իսկ ուրբաթ կազմակերպիչները հրավիրելու են լրատվամիջոցներին:

«Առավոտ» օրաթերթ
06.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829