Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աչքի ու խելքի վարպետը. Սուրեն Մանվելյան

Փետրվար 07,2020 12:30

Ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, «Արեգնազան» կրթահամալիրում ֆիզիկայի ուսուցիչ, լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը 2002-ին 26 տարեկան էր, երբ Ֆիզիկա անվանակարգում իր գիտական թիմի հետ ՀՀ նախագահի մրցանակ ստացավ քվանտային տեխնոլոգիաների հետազոտությունների շուրջ հրապարակած հոդվածների շարքի համար։

«Մրցանակը ստանալու օրը լրագրողները բոլորիս մի կողմ քաշեցին, միկրոֆոնները դեմ տվեցին՝ ինչի՞ վրա եք ծախսելու գումարը… Հիմա մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցին։ Ասեմ, որ այն ժամանակ մրցանակը ոչ թե 10, այլ 5 հազար դոլար էր կազմում, հոդվածների հեղինակների խմբով ստացանք, գումարը արդար ձեւով բաժանվեց, ես 400 դոլար ստացա։ Ու այդ փողով ամուսնացա, հարսանիքի վրա ծախսեցի… Լավ էլ հերիքեց»։

Սուրեն Մանվելյանի 16-ամյա որդին՝ Տիգրանը, դպրոցում է սովորում, «հասցնում է օգնել ինձ հարսանիքներ նկարել… Այո՛, հարսանիքներն էլ եմ նույն «քթի մազությամբ» նկարում, ես ոչ մի բան գլխառադ չեմ անում. սկզբունքորե՛ն։ Ֆիզիկան ձեզ օրինակ, ես ֆիզիկայով զբաղվել եմ բացարձակ անշահախնդիր»։

Գիտական գործունեությունը Մանվելյանը  դադարեցրեց 2011 թվականին, «երբ որ ինձ խնդրեցին մանրից դուրս գալ գործից. կրճատումներ պիտի լինեին, աշխատավարձս էլ, ի դեպ, 29 հազար դրամ էր։ Դա դեռ բարձրն էր, մինչեւ այդ տարիներ շարունակ  ամսական 13 հազար դրամ աշխատավարձ էի ստանում՝ լինելով գիտությունների թեկնածու… Միայն փողը չի։ Գիտությունը վարի է գնում, սովետի փլուզումից հետո էր սկսել վարի գնալ, ոչինչ չի փոխվել։ Վերջերս հայտարարվեց գիտությունը զարգացնելու մասին, շատ հետաքրքիր է՝ ո՞նց։ Մա՛րդ չի մնացել։ Նույնիսկ փող ունենաս՝ մարդ չկա, ախր էդ մարդը վերականգնելը շատ ավելի բարդ գործ է»։

Հոդվածաշարը, որի համար ֆիզիկոսների խումբը ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ տարիներ առաջ, տպագրվել էր բարձր վարկանշային գիտական ամսագրերում, դրանցից մեկը  Physical Review Letters-ն է. «Իմ իմանալով, առաջին անգամ էր, որ այդ ամսագրում տպագրվել էին Հայաստանից գիտնականներ, եւ  հեղինակների մեջ չկար օտարերկրյա «ավտարիտետ» գիտնականի  անուն, որն, այսպես ասած՝ բռոնյայի պես պետք է կողքից կպցրած լիներ։ Հիմա արդեն մերոնք այդպիսի ամսագրերում շատ են հրապարակվում. Ֆիզիկայի ինստիտուտից Արմեն Ալլահվերդյանը, օրինակ, վրա-վրա տպագրվում է այդտեղ։ Ինքը հանճարեղ ֆիզիկոս է, նույնպես՝ Հայաստանի նախագահի մրցանակակիր»։

Ինչ վերաբերում է քվանտային տեխնոլոգիաների կիրառականությանը, որի շուրջ հետազոտություններն արել էին լազերային ֆիզիկոս Գագիկ Կրյուչկյանի ղեկավարությամբ, վերջին հաշվով, քվանտային համակարգչի ստեղծումն է. «Աշխարհում հազարավոր գիտնականներ են նստած այդ գործի վրա։ Պարզ ասած, հիմա համակարգիչները տրանզիստորային են։ 1 քառ սմ-ի վրա կարող է 100 միլիարդ հատ տրանզիստոր լինել, բայց դրանք չեն կարող այնքան շատ ինֆորմացիա՝ 0 եւ 1 թվեր տեղավորել, ինչքան քվանտայինը, որը կարող է 1 քառ սմ ի վրա 23-հատ զրո ունեցող թվով  0 եւ 1 թվեր տեղավորել։ Հզորությունը, տեսեք՝ ինչքան է աճելու։ Առաջին քվանտային համակարգիչ ստեղծողը, ինչքան բանկ կա, ինչքան «ցռու» կա, ինչքան «կգբ» կա, բոլորի համակարգերը կարող է ջարդել… Հիմա Գուգլը նման մի բան ստեղծել է, բայց դեռ շատ թույլ է»։

Մանվելյանի լուսանկարչության մասին շատ է խոսվել. ամենամեծ աղմուկը հանեց նրա նկարած մարդկային աչքը, որն ստացվել էր իր բոլոր «խորդուբորդություններով»։ Ասում է՝ կարոտում է «մտքի սարսափելի լարվածությանն» ու «սարսափելի ակտիվությանը», որը պահանջում է պրոֆեսիոնալ ֆիզիկան, չնայած լուսանկարչության մեջ էլ է խելք պետք, եւ ոչ միայն աչք։ Դրական է պատասխանում կասկածներին, որ լուսանկարչական իր բարձր տեխնիկայի գաղտնիքի մեջ դերն ունեն գիտելիքները ֆիզիկայից. «Իհարկե՛։ Ֆոտոապարատի մատրիցան ֆոտոէֆեկտի վրա է աշխատում, որը քվանտային էֆեկտ է… Այո՛, սիրում եմ նյութը մասնատել, դետալների գեղեցկությունը «ջրի երես հանել», բայց այնպես չի, որ ընդհանուր պլաններ չեմ սիրում։ Կմտնեմ միկրոաշխարհ էլ, որն անզեն աչքով չի երեւում, բնապատկեր էլ կնկարեմ, որը շատ լավ երեւում է»։

Սուրեն Մանվելյանը հասցրել է նաեւ «հեռուստատեսային ուսուցիչ» լինել միառժամանակ. ֆիզիկայի թեմաներով հանրամատչելի հաղորդաշար է պատրաստել՝ «Արքիմեդիա» անունով։ Ինքը, իր պատմելով՝ դպրոցում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆանտաստիկ ուսուցիչներ է ունեցել։ Բայց ֆիզիկոս դառնալ որոշեց, երբ սկսեց Պիոներների պալատում տիեզերագիտական խմբակ հաճախել.

«Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ էր պալատը, խմբակի ղեկավարն էլ՝ Ավետիք Գրիգորյանը, հիմա, կարծեմ, «Քվանտում» է։ Այդ մարդը սուսուփուս, անձնուրաց, անշահախնդիր, անվճար, ամեն կիրակի մինչեւ հիմա այդ երեխեքի հետ զբաղվում է, է՛լ հրթիռներ են սարքում, է՛լ աստղագիտություն են ուսումնասիրում։ Ուրեմն, այդ խմբակում իմ համախոհներն էին, մենք նույն ուղղությամբ էինք շարժվում, լիքը մարդիկ ֆիզիկոս կամ ծրագրավորման ոլորտի գիտնականներ են դարձել, մարդ կա՝ ՆԱՍԱ-ում է»։

ՀՀ նախագահի եւս մեկ մրցանակ կուզենար ստանալ, ասում է, այս անգամ՝ լուսանկարչությունից։ Սակայն կանոնադրությունը հստակ է՝ նույն մարդը երկրորդ անգամ չի կարող դիմել ՀՀ նախագահի մրցանակի համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
06.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829