Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթը պետք է դադարեցվի

Փետրվար 07,2020 12:00

Հայաստանն ու Արցախն Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում ամուր դիրքում մնալու համար ունեն բավարար հիմքեր

Փետրվարի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համազգային 6 կոնսենսուսները, որոնք առաջարկել էր 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում՝ որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձեւ: Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր։ Իսկ 6-րդ կետում մասնավորապես նշել է. «Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Կարգավորումը պետք է ընդունելի լինի՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար իր՝ բազմիցս արտահայտած դիրքորոշումից, Փաշինյանն, ըստ ամենայնի, որոշակի հետքայլ է անում, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ նա զգացել է, թե ինչպես է օգտվում դրանից գործնականում Ադրբեջանը՝ բանակցային գործընթացի շրջանակներում զբաղվելով տարբեր մանիպուլյացիաներով:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն օրերս անդրադառնալով Ժնեւում անցկացված բանակցություններին՝ ասել էր. «Քննարկվել է նաեւ կարգավորման գործընթացի առաջմղման ժամանակացույցը եւ օրակարգը: Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների խաղաղության գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը»: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե ի՞նչ է նշանակում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ սահմանումն՝ ասելով. «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռեւս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետեւողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից եւ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»:

Հայկական կողմն իր դիրքերն ամրացնելու համար ունի կարեւոր փաստաթղթեր: Օրինակ՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցը, որը Ադրբեջանի համար անթույլատրելի է, պաշտոնական Բաքվի համար դա «ինքնասպանության» գնալու համարժեք մի բան է, առարկայական քննարկումների դաշտ բերելու համար կան, այսպես ասած՝ պատմական հիմքեր. 1994թ. մայիսին Զինադադարի վերաբերյալ ստորագրված եռակողմ համաձայնագիրը ու դրա հաստատումն ավելի ուշ՝ նույն տարվա դեկտեմբերին: Հիշեցնենք 1994թ. զինադադարի կնքման այդ դրվագը: Մայիսի սկզբին Բիշքեկ են ժամանում Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները, որտեղ սկսվում են բանակցություններ` ԱՊՀ ՄԽԽՎ խորհրդի նախագահ Վ. Շումեյկոյի եւ խաղաղարար խմբի ղեկավար Մ. Շերիմկուլովի, ԱՊՀ ՄԽԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար Մ. Կրոտովի մասնակցությամբ: Մայիսի 5-ին ստորագրվում է «բիշքեկյան արձանագրությունը», որով խորհրդարանականները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը հակամարտության գոտում (Հայաստանի կողմից` Բ. Արարքցյանը, ԼՂՀ կողմից` Կ. Բաբուրյանը, ՌԴ կողմից` Վ. Շումեյկոն, Ղրղըզստանի կողմից` Մ. Շերիմկուլովը, նաեւ՝ Վ. Կազիմիրովը եւ Մ. Կրոտովը): Սակայն Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ա. Ջալիլովը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը եւ վերադառնում է Ադրբեջան: Բաքու է մեկնում Վ. Կազիմիրովը, եւ մայիսի 8-ին Ռ. Գուլիեւը տեղեկացնում է, որ Ադրբեջանը եւս միանում է «բիշքեկյան արձանագրությանը», որից հետո արդեն երեք երկրների իրավասու մարմինները պարտավորվում են` դադարեցնել կրակը 1994թ. մայիսի 12-ից:

Կարգավորման խաղաղ գործընթացի՝ հայկական կողմի համար արդյունավետ միջոցը 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձեւաչափով բանակցությունների վերականգնումն է: Այս փաստաթղթում մատնանշվում է կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994. մայիսի 12-ի եռակողմ պայմանագիրը, որն էլ իր հերթին փաստում է այն մասին, որ ԵԱՀԿ 1994թ. գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես հակամարտության առանձին կողմ է ճանաչվել:

Մեջբերենք ղարաբաղյան կարգավորման պատմության էջերից, ավելի կոնկրետ՝ 1994թ. դեկտեմբեր 6-ի ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի տեքստում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածից մեկ պարբերություն. «Մտահոգություն հայտնելով հակամարտության շարունակության եւ մարդկանց համար դրա ողբերգական հետեւանքների կապակցությամբ` մասնակից պետությունները ողջունել են հակամարտության կողմերի հաստատումը կրակի դադարեցման մասին, որը ձեռք էր բերվել 1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությամբ: Նրանք հաստատել են իրենց նվիրումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին եւ ողջունել Անվտանգության խորհրդի կողմից ԵԱՀԽ ջանքերին ուղղված քաղաքական աջակցությունը` հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Նրանք հակամարտության կողմերին կոչ են արել սկսել ավելի ինտենսիվ բանակցություններ էական հարցերի շուրջ, ներառյալ` ուղիղ շփումները: Տվյալ համատեքստում նրանք հստակ մտադրություն են հայտնել ընդլայնել ԵԱՀԿ-ի կողմից ձեռնարկվող ջանքերը եւ նրանց ցուցաբերվող աջակցությունը: Նրանք վճռականորեն աջակցում են ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը, ինչպես նաեւ` երախտագիտություն հայտնում Ռուսաստանին` վճռորոշ ներդրման եւ Մինսկի խմբի այլ անդամներին` անհատական ջանքերի համար: Նրանք պայմանավորվել են համակարգել եւ ԵԱՀԽ շրջանակներում ընդհանրացնել բոլոր ջանքերը»:

Եթե Ադրբեջանի իշխանությունը հակված է Արցախը` որպես լիիրավ կողմ բանակցությունների սեղանին վերադարձնելու հայկական կողմի պահանջին հակադրել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործոնի մեծացումը, հայկական կողմը կարող է միջազգայնորեն ընդունված վերոնշյալ փաստաթղթերով թարմացնել կրտսեր Ալիեւի հիշողությունը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ներկայացուցիչների, դեսպանների կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին հիշատակումների ու այդ կազմակերպության ղեկավարին հանդիպելու ֆոնին՝ պաշտոնական Երեւանն էլ կարող է միջնորդներին առաջարկել Հայաստանում եւ Արցախում գործող ՀԿ-ներին նույնպես հանդիպել, օրինակ՝ ԵԿՄ-ին, կամ հայաստանյան եւ արցախյան այլ կազմակերպություններին, միություններին, կոչ անելով լսել նաեւ նրանց տեսակետը:

Հայաստանն ու Արցախն Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում ամուր դիրքում մնալու համար ունեն բավարար հիմքեր: Ժամանակն է, որ բանակցային գործընթացի շուրջ ձեւավորված որոշակի խառնաշփոթը վերացվի, որովհետեւ որոշակի պահից դրա հետեւանքների վերացումն ավելի բարդ կդառնա: Հայկական կողմի հնչեցրած յուրաքանչյուր սկզբունք, գաղափար ունի իր ապացուցողական հիմքը, դրանք դեռ անցյալից առկա են, նրանցից օգտվելը ձեռնտու է հայկական կողմերի համար, պարզապես պետք է կարողանալ այդ ամենը մշակել, օգտվել, մատուցել թե՛ հրապարակային, թե՛ բանակցությունների կուլիսներում, թե՛ միջազգային շահագրգիռ կողմերի հետ աշխատանքներում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829