Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ այդ տրամաբանությամբ, ինչ իրենք են շարժվում, կարող են ազատվել նաեւ առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչում կամ Վճռաբեկում, ասենք, Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանի նշանակած դատավորներից. «Ինձ անհանգստացնում է եւ վտանգավոր է թվում ձեր այն մոտեցումը, որ դուք ի սկզբանե արդեն այս ամբիոնից սպառնում եք մեզ, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները: Ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր:
Երկրորդը՝ ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ: Կներեք, փաստորեն, դո՞ւք եք որոշում ովքեր են հակապետական ուժերը, ովքեր են ազգի նվիրյալնե՞րը, մենք էս ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ: Սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը: Այսինքն, ձեր երազած ժողովրդավարությունը նա է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին եւ ազգի բարեկամներին, կարող է սրբեր կարգի, կարող է դավաճաններ կարգի, անիծյալներ կարգի, սատանաներ օրհնի, սա ի՞նչ քաղաքականություն է, պարո՛ն վարչապետ: Սա ժողովրդավարությո՞ւն է կոչվում»: Մարուքյանը հիշեցրեց, որ ժողովրդավարական է այն մոտեցումը, երբ տարբեր մարդիկ կարող են համաձայն չլինել իրենց հետ:
Մարուքյանն ասաց. «Քանի դեռ մենք այս պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավար թույլ չենք տա մատ տա այս պառլամենտի վրա, դա իմացեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ