Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու. Նիկոլ Փաշինյան

Փետրվար 06,2020 21:15

Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հանդես է եկել ելույթով:

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, մեծարգո՛ փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ նախատեսված է Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված:

Այդ մոդելի էությունը հետեւյալն է. Սահմանադրական դատարանի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը դառնում է իշխանության երեք թեւերի միջեւ բալանսավորման վերին ատյան:

Ընդ որում, նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարեւորագույն նրբություն: Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ պաշտոնավարության ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել նաեւ դատավորները եւ եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովի նախագահն էլ զրկվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից կամ չունի այդպիսի լիազորություն, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կուսակցականաց ման կամ քաղաքականացման ռիսկերը գործող սահմանադրությամբ հնարավորինս մեղմված են:

Մեղմված են նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի դա, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների եւ ոչ թե Ազգային ժողովի կողմից:

Բացի այդ, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, երբ նույն մարդն ասենք 35 տարի կարող է լինել Սահմանադրական դատարանի անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ, երբ որեւէ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է այդ պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանություն, բռնատիրություն, բայց բնական ենք համարում, երբ նույն մարդը 35 տարի լինի Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ:

Նոր սահմանադրությամբ ահա, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարի: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Ահա այսպիսի Սահմանադրական դատարան է նկարագրված մեր հենց այս պահին գործող Սահմանադրության մեջ: Եւ այս մոդելը՝ նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ, ներդրվել է Երրորդ հանրապետության պատմության մեջ արձանագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:

1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանը ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը:

Հետո Սահմանադրական դատարանի անդամներն ու նախագահը գրքեր են գրել իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության մասին, կարդացել դասախոսություններ, պաշտպանել են դոկտորական թեզեր:

Բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի. բա քվեաթերթիկների լցոնումները, բա ընտրությունների եկող մեռած հոգիները, բա ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը, բա աշխատանքից ազատելու սպառնալիքները, բա հեռուստաեթերի տոտալ վերահսկումը:

Ահա ուրեմն, այս դաժան եւ անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրի Սահմանադրական իրավունքի եւ Սահմանադրական դատարանի պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված եւ տրամաբանական մոդելը, որի մասին խոսեցի սկզբում եւ որի մասին քաջալերանքի եւ գոհունակության բազմաթիվ խոսքեր են ասել եվրոպական կառույցները եւ փորձագետները: Եկեք այդ մոդելը պայմանականորեն անվանենք Երազանքի սահմանադրական դատարան:

Բայց հիմա պիտի հարց տամ, որը աբսուրդ պիտի թվար մինչ այժմ այս ամբիոնից իմ ասածի ֆոնին, որովհետև այս ամենը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ: Իսկ արդյո՞ք այսօր մենք ունենք այդ երազանքի, հավասարակշռված Սահմանադրական դատարանը:

Պատասխանը հետեւյալն է – Ոչ, սիրելի հայրենակիցներ չունենք:

Շատ լավ, մենք այս ընթացքում գտնվել ենք կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու տարանցիկ փուլում, գուցե պարզապես չե՞նք հասցրել ունենալ երազանքի սահմանադրական դատարան: Ե՞րբ կունենանք երազանքի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ: Կունենա՞նք թե չենք ունենա սահմանադրական այդպիսի դատարան:

Այո, կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք, ուշադրություն, 2035 թվականին: Կրկնում եմ, եթե ոչինչ չփոխվի, եթե ոչինչ չփոխենք, այդպիսի սահմանադրական դատարան կունենանք ամենաշուտը 2035 թվականին: Ինչու՞, որովհետեւ գործող սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները այնպիսի ձեւակերպումներ են տվել, որ հին, այն հին ու մեզ հայտնի սահմանադրական դատարանը շարունակի գործել հնարավորինս երկար:

Ըստ էության, նախկին հանրապետական իշխանության ներկայացուցիչներն ասել են հետեւյալը. ճիշտ է, մենք գտել ենք երազանքի սահմանադրական դատարանի մոդելը, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, բայց հին սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները չենք կրճատում, նրանք թող ՍԴ անդամ լինեն այնքան, ինչքան նախատեսված է 1995 կամ 2005 թվականի սահմանադրություններով:

Արդյունքում մենք ունենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակված ՍԴ երկու գործող անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 եւ 2029 թվականին, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ 2 անդամ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 և 2037 թվականներին, Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ 1 անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, Գալուստ Սահակյանի կողմից առաջադրված եւ ԱԺ կողմից ընտրված ՍԴ մեկ անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2031 թվականին, Արա Բաբլոյանի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ 1 անդամ, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2035 թվականին:

Ու չնայած գործող սահմանադրությամբ ՍԴ դատավորի պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, հին սահմանադրական դատարանի անդամների ճնշող մեծամասնությունը պաշտոնավարելու է շատ ավելի երկար, ունենալով պաշտոնավարման երբեմն երեք անգամ ավելի երկար պատմություն, քան նախատեսված է գործող Սահմանադրությամբ:

Առանձին դեպք է Սահմանադրական դատարանի նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարում է 6 տարի, Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, մինչեւ 2035 թվականը:

ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի դեպքը իսկապես առանձին պատմություն է, որը առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա լինելով գործող սահմանադրության տեքստի հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը սահմանադրության տեքստը գրողների խմբում եւ պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ՝ հետեւյալ տրամաբանությամբ:

Եթե Թովմասյանը ստեղծում է սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաեւ իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես սահմանադրական դատարանի նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Եւ ի դեպ, հին սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն նրանց նոր սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ այդ անդամների, այլ իր սեփական շահերի համար, որովհետեւ նրան պետք է եղել հին կարգով ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարումը մինչեւ 65 կամ ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետեւ ինքը ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պիտի ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով:

Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, չնայած՝ գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրվելու կարգը, ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո Աժ նախագահը զրկվելու է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից, նա սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ իր ընտրվելուց ընդամենը 37 օր հետո ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարին:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս սահմանադրական դատարանի մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ, ՍԴ հին անդամները շարունակեն պաշտոնավարել, որովհետեւ եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ:

Նույնը վերաբերվում է նաեւ ՍԴ նախագահի պարագային: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո Ազգային ժողովը զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու ն որ Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի սահմանադրական դատարանը եւ որտեղ գրված է, որ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով, նույն անձը չի կարող մեկից ավելի անգամ ընտրվել ՍԴ նախագահ:

Բայց հիմա, այդպիսի սահմանադրական դատարան ունենալու համար, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ, հայ ժողովուրդը պետք է սպասի մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը իր կուսակցության, ՀՀԿ-ի օգնությամբ մինչեւ 2035 թվականը իրենով է արել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին Հանրապետականները կարծես անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլեւ քրեական օրենսգրքի սահմանը:

Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018 թվականի մարտի 25-ին: Եթե նա շարունակեր մինչեւ վերջ պաշտոնավարել, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ նախագահ ընտրվել Ազգային ժողովի կողմից, չէր կարող ընտրվել 17 տարի ժամկետով:

Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018 թվականի մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում 2018 թվականի մարտի հինգին, բայց Ազգային ժողովի այն ժամանակվա աշխատակազմում հասկանում են, որ եթե Գագիկ Հարությունյանը հրաժարականը արձանագրվի մարտի 5-ին, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանի 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018 թվականի մարտի 20-ին նախատեսված ԱԺ հերթական նստաշրջանում, ուստի, ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս, եւ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով, թույլ տալով պաշտոնեական կեղծիք: Այս դրվագով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է. այս կեղծիքով եւ ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Տիկնայք եւ պարոնայք, ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով՝ սահմանադրական գործող դատարանի և նրա նախագահի կողմից յուրացվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին պատկանող իշխանությունը:

Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող սահմանադրության 213 հոդվածի մասին է, որով հին սահմանադրական դատարանին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում եւ ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված Սահմանադրական դատարանի:

Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա, այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք, ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ-ի այդ դիրքորոշումը:

Այսինքն, այս վիճակում՝ Հայաստանի ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի՝ ապօրինի ձեռքբերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց Սահմանադրական դատարանը դա թույլ չտա, համարելով հակասահմանադրական: Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ Սահմանադրական դատարանն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Սա իսկապես աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնել ինքը իր, իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են՝ այդ դեպքում ինչպե՞ս է, որ Ազգային ժողովը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքը իր վերաբերյալ:

Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց՝ Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան մի քանի սուբյեկտների կողմից, Կառավարության որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան, նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարան, Վարչական դատարան եւ միակ մարմինը որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել՝ Սահմանադրական դատարանն է:

Ես չեմ ասում, թե Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավելեւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով: Աշխարհում, ի դեպ, չկա գոնե մեկ երկիր, որ Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության լիազորությունը լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն` լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր և միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում:

Իսկ այն իրավիճակը, որ մենք նաեւ այս առումով ունենք սահմանադրական դատարանում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է: Մեր երկրում, ըստ այդմ, ինչպես վերը նշեցի՝ հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության ու վարչապետի ինստիտուտը, Ազգային ժողովը նույնիսկ, իսկ Սահմանադրական դատարանը չունի ոչ մի հակակշիռ եւ ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն, ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կարգավիճակի վերաբերյալ:

Սա ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար, որովհետեւ այս Սահմանադրության գրողները այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու խորհրդարանական քննարկման ժամանակ եմ հայտարարել, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, այսպիսի Սահմանադրական դատարան ձեւավորվել է ւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ, որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:

Այլ կերպ ասած՝ հենց Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով:

Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար եւ Ազգային ժողովը հույս ունեմ որոշում կայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213 հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին:

Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը ե ւ նախագահի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանրաքվեից հետո Հայաստանի կառավարությունը, հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, հերթով կառաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող Սահմանադրական դատարան, որը իր կազմից կընտրի Սահմանադրական դատարանի նոր նախագահ:

Իհարկե, նոր Սահմանադրական դատարանի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն Սահմանադրական դատարանի Սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը:

Եւ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:

Ազգային ժողովի մեծարգո նախագահություն, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Եւ Ազգային ժողովում եւ նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին: Քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները բոլոր մանրամասնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ դետալների մեջ եւ կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարեւորը.

Հայաստանի Հանրապետությունում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի: Հայաստանի Հանրապետությունում չկա մի հարց, որը լուծելու լիազորություն, իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքնիշխան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տիրակալ է եւ նա իրավասու է, կարող է լուծել ցանկացած հարց եւ կլուծի:

Ի դեպ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխական ճանապարհով եկավ իշխանության: Այս ձեւակերպումը թյուրիմացության արդյունք է: Որովհետեւ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներս, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներս Հայաստանի Հանրապետությունում իշխանության չենք եկել: Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկել է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին: Մենք պարզապես ժողովրդի ներկայացուցիչն ենք, մենք ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածով:

Այո, մենք ներկայացնում ենք ժողովրդին եւ ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն, իսկ Սահմանադրական դատարանը այսօրվա ձեւով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը եւ այն պետք է հեռանա:

Եւ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ:

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի քանի խոսքով դիմել նաեւ Սահմանադրական դատարանի անդամներին:

Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,

Հասկանում եմ, որ այն ինչ ասացի այս ելույթում՝ հաճելի չէ ձեզնից շատերին, գուցե ոմանք ասված որոշ դրվագներ համարեն վիրավորական: Բայց ուզում եմ ասել, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չունեմ, պարզապես պարտավոր եմ իրերը կոչել իրենց անունով: Ասեմ ավելին, եթե որեւէ մեկը իմ ելույթի որեւէ հատվածից անձնական առումով, կրկնում եմ՝ անձնական առումով վիրավորած է զգացել, ես ներողություն եմ խնդրում: Բայց իրողությունները սրանից չեն փոխվում:

Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որը ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով:

Դուք՝ խոսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելը:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ եւ համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձեւի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կհայտարարի:

Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչեւ Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը եւ դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:

Ասեմ նաեւ, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով եւ կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը:

Եթե դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լավ, եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որովհետեւ՝ Սահմանադրությունն է ժողովրդի համար եւ ոչ թե ժողովուրդը Սահմանադրության:

Ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեն դիտարկելու համար մենք պատրաստ ենք հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից, ԱՊՀ-ից եւ այլ կառույցներից, եւ որեւէ կասկած չկա, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման բոլոր երաշխիքները կստեղծվեն, չնայած այսօր արդեն այդ երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են: Վկան՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունները, որոնք առաջինն էին, որոնց արդյունքներն ի դեպ չբողոքարկվեցին ՍԴ-ում որևէ մեկի կողմից և նրա արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո հանրային որևէ խմբի կամ որևէ շրջանակի կողմից: Սա նշանակում է մեկ բան և կարևոր եմ համարում այս ամբիոնից այդ մեկ բանը արձանագրելը:

Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

Եւ ուրեմն՝

Կեցցե’ Ազատությունը,

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե’նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829