Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է. Գեորգի Մելիքյան

Փետրվար 06,2020 21:01

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման հետ կապված Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու, իսկ մայիսի 20-ին՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումներ կայացրած դատավորն է։

Aravot.am-ի հետ զրույցում Գեորգի Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանում դիրքորոշում են հայտնել, որը բխում է բողոքից. «Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է՝ նրա շահերի խախտումներով է կայացվել՝ հաշվի առնելով, որ գլխավոր դատախազն այն կայացնելուց չի հաղթահարել դատավորի անձեռնմխելիության իրավունքը, մասնավորապես ԲԴԽ-ից համաձայնություն չի ստացել»:

Խոսելով մյուս կողմի հակափաստարկների մասին՝ նա ասաց. «Քննիչն ու դատախազը դատարանում իշխանության ներկայացուցիչ ասածը իրենք հենց վերագրում են Դավիթ Գրիգորյանին: Այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ այդ հանցագործությունը հենց Դավիթ Գրիգորյանը կարող էր կատարած լինել: Նույնիսկ, եթե Դավիթ Գրիգորյանին եք ենթադրյալ հանցագործության մեջ կասկածում և պաշտոնական հայտարարություն անում դրա մասին, դուք նրա դեմ քրեական գործ եք հարուցում առանց ԲԴԽ համաձայնության»:

Դավիթ Գրիգորյանի պաշտպանը հայտարարեց՝ քրեական հետախուզումը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ենթակա է դադարեցման:

Մեր հարցին՝ հույսներ կա՞ն, որ նախագահող դատավորը կբավարարի իրենց բողոքը, Գեորգի Մելիքյանը պատասխանեց.  «Հույսեր ունենք, որ  կբավարարի: Պարոն Ֆարխոյանն էլ այն դատավորն է, որ մինչ այս պահը օբյեկտիվ քննություն է իրականացնել, և չեմ կարծում, որ դատավորը կարող է շեղվել օրենքի պահանջից»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 16.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829