ԱԺ-ում քննարկվեց եւ քվեարկության դրվեց մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը: Ինչպես եւ որոշել էր քաղաքական մեծամասնությունը, նախագծին ձեռնպահ քվեարկեցին, իսկ ընդդիմադիրները՝ դեմ ու նախագիծը չանցավ: Այս ընթացակարգից հետո որոշել են հարցը դնել հանրաքվեի:
Մինչ քվեարկությունը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ՀՀԿ-ի ու Հրայր Թովմասյանի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից ու այդ սուբյեկտը ՍԴ-ն է: Նա հայտարարեց. «ՀՀ-ում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն ժողովուրդը չունի: ՀՀ-ում չկա մի խնդիր, չկա մի հարց, որը լուծելու լիազորություն, իրավասություն չունենա ժողովուրդը, ՀՀ քաղաքացին: Մենք ժողովրդի ներկայացուցիչն ենք, ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն, իսկ ՍԴ-ն այսօրվա ձեւով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը եւ պետք է հեռանա: Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր ունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:
Նիկոլ Փաշինյանը դիմեց ՍԴ անդամներին եւ ասաց, որ եթե նրանցից մեկը իր ելույթից անձնապես վիրավորվել է, ներողություն է խնդրում, բայց դրանից իրողությունը չի փոխվում, ՍԴ-ի շուրջ կա ճգնաժամ ու կա վտանգ, որ այդ վտանգն ավելի կմեծանա. «ՍԴ անդամներդ կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայություն: Խոսքը ՍԴ-ի հին կարգով ընտրված անդամների մասին է, դուք բոլորդ կարող ե հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից, դա կարող եք անել այսօր, վաղը, մինչեւ հանրաքվեի մասին որոշումը ՀՀ նախագահի կողմից ստորագրելը: Ես գիտեմ, որ ձեզնից շատերի վրա ճնշումներ են գործադրվում՝ ուղղակի եւ անուղղակի, որ դուք այս քայլին չդիմեք: Բայց եւս մեկ անգամ ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հնարավորությանը»:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ նախագահի հետ խոսել է ու նախագահը համաձայն է հանրաքվեով հարցը լուծելու բանաձեւի հետ: Պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին կամ բոլորով՝ այս հարցը քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ այդ քայլն անել անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց,որ եթե հարցը լուծեն ՍԴ անդամները՝ շատ լավ, եթե ոչ, այդ հարցը կլուծի քաղաքացին, որովհետեւ Սահմանադրությունն է ժողովրդի համար, ոչ թե հակառակը:
Վարչապետը նաեւ հայտարարեց, որ հանրաքվեին պատրաստ է հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպություններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ