Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կողմ է հանրաքվեին, բայց՝ պայմանով

Փետրվար 06,2020 19:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում արտահերթ նիստում հայտարարեց, որ անթույլատրելի է իմքայլականների՝ այս կերպով ՍԴ անդամներից ու ՍԴ նախագահից ազատվելու քայլը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը ու ԲՀԿ-ականները համեմատաբար լուռ էին:

Նա հիշեցրեց, որ վեթինգի նախագծի ժամանակ իշխանականների կողքին էին, օրինական նախագծերի քննարկումների ժամանակ իրենց հետ են, բայց ոչ այս դեպքում: Թանդիլյանը կանխատեսեց, որ հիմա ասելու են, որ «Լուսավորը պաշտպանում է հին ռեժիմին, թաշկինակներ կբաժանեն, դուրս կգան», բայց հետո կհասկանան, որ անխոցելի ճանապարհով կարգավորման կողմնակից են ու սրանով են աջակից, բայց չպետք է ժողովրդին ներքաշել հակաիրավական գործընթացների մեջ:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ սա բեկումնային պահ կարելի է համարել մեր երկրի զարգացման ճանապարհին, ճակատագրական պահ է. «Արդյոք մենք կարող ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացած ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ»: Նա հիշեցրեց, թե ԲՀԿ-ն ոնց է քվեարկել Հրայր Թովմասյանի ընտրությանը. «Ես իրավական առանձնահատկությունների մեջ չեմ մտնելու: Քաղաքական մեծամասնությունը ուզում է ցուցաբերել քաղաքական կամք, որեւէ մեկը դրանից դժգոհ չի, բայց մենք պետք է կարողանանք իրավական անթերի ռեժիմով շարժվել: Որ հանկարծ նսեմացվում են ընթացակարգերը, ես դրան դեմ եմ: Պետք է ամեն ինչ գին ունենա: Հետո եկած իշխանությունը նույնը կանի»: Նա ասաց, որ եթե հանրաքվե են անում, ապա հիմնական քաղաքական ուժերը պետք է կոնսենսուս ունենան, մեկ քաղաքական ուժի դեպքում թույլ կլինի:

Ըստ Մելքումյանի, հեղափոխությունից հետո հատկապես պետք է անթերի գործել: Նա դիմեց քաղաքական մեծամասնությանը, ասելով, որ հանրաքվեին դեմ չեն, բայց առաջարկում են 24 ժամ դուրս չգալ ԱԺ շենքից, մինչեւ իրավական ճիշտ լուծումները գտնվեն. «Եթե չենք գտնում միասին լուծում, ԲՀԿ-ն չի կարող կիսել այս օրինագծի քաղաքական պատասխանատվությունը: Մենք պետք է գնանք գրագետ լուծումների ճանապարհով»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է, որ ոչ թե պետությունն է գերիշխում հասարակության վրա, այլ ժողովուրդն է գերիշխում պետության վրա, ուստի հանրաքվեով այդ հարցը լուծելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը եւ երկիրը հետ պահել ցնցումներից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829