«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ-ում նվեր էր բերել «Լուսավոր Հայաստան« խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի համար՝ թաշկինակ: Նա ԱԺ ամբիոնի մոտ դրեց թաշկինակն ու Գորգիսյանին հորդորեց վերցնել այն ու դնել իր բումերանգի կողքը, հենց փակի իր շունչը ու մի կերպ շնչի, դիմանա՝ Հայաստանում այլեւս ժողովրդավարություն է հետդարձի ճանապարհ չկա. «Ձեզ խոստացած մինիստրների աթոռները, որ ասում էիք՝ մի՛ գնացեք հեղափոխության, մենք կգնանք իրենց իշխանության մեջ, կաբինետում տեղ կունենանք, չի՛ լինելու նման բան: Հարմարվե՛ք մի կերպ»:
Քրիստինե Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ին՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում իրենց դիրքորոշման համար:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը ու ԲՀԿ-ականները համեմատաբար լուռ էին:
Քրիստինե Պողոսյանը, «Լուսավոր Հայաստանին» դիմելով, ասաց. «Դուք սեւ-սպիտակի տակ եք մնացել, առավոտվանից սեւ-սպիտակ եք ասում: Չեք կարողանում մարսել, որովհետեւ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին այդ ամենը ինքնըստինքյան եղավ, եղան մարդիկ, ովքեր պատրաստ էին անձնական զոհողությունների գնալով՝ վերականգնել ՀՀ-ում ժողովրդավարությունը եւ եղան մարդիկ, ովքեր դեւի պես նստել էին իրենց գողացածի վրա ու հրաժարվում էին գնալ, այդպես սեւ-սպիտակ ձեւավորվեց: Եվ եղան մարդիկ, ովքեր լուսանցքում մնացին, ընկերնե՛ր, դա դուք եք: Լուսանցքից դուրս մնացիք, ոչ կարում եք սեւի մեջ ձեր տեղը գտնեք, ո՛չ կարում եք սպիտակի մեջ ինտեգրվեք, ոչ կարում եք լուսանցքից էս կողմ գաք, մոլորվել եք»:
Կարդացեք նաև
Մարուքյանը տեղից արձագանքեց, Քրիստինե Պողոսյանը հայտարարեց. «Պարո՛ն Մարուքյան, դուք ոնց որ թե արդեն հավակնում եք «ոչ»-ի շտաբի ղեկավարը լինելու, շնորհավորում եմ ձեզ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ