Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից, դուք իրավունքի պաշտպաններ չեք, հարգելինե՛րս, դուք իրավունքի ղասաբներ եք». Հայկ Կոնջորյան

Փետրվար 06,2020 19:07

«Հիմա փաստացի արվում է այն, ինչում մեր գործընկերները մեղադրում են Հրայր Թովմասյանին, որ նա, պահելով օրենքի տառը, խախտել է սահմանադրության եւ օրենքի ոգին: Այստեղ մենք համաձայն ենք: Չի՛ կարելի այդպես անել որեւէ մեկին: Եթե Սահմանադրության փոփոխման ընթացակարգից ՍԴ-ին դուրս ենք հանում, հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ԱԺ նախագիծը միանգամից կարող է գնալ հանրաքվեի՝ առանց ստուգվելու դրա սահմանադրականությունը: Նույն հաջողությամբ օրինակ, Սահմանադրությամբ սահմանված է՝ ամեն ոք ունի կյանքի իրավունք, մեր գործընկերները կարող էին դա փոխել: Բոլոր սեւերը, որի ցուցակը հաստատում է ՀՀ վարչապետը, ենթակա են ոչնչացման, կարող են այս ընթացակարգով դա բերել»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը:

Ըստ Գորգիսյանի, եթե ՍԴ-ն հանում ենք, չկա որեւէ մարմին, որը կարող է հետ պահել նման գործընթացից ու իրավական երկիր չի կարելի կառուցել օրենքների ու Սահմանադրության ոտնահարմամբ, ինչով հիմա զբաղված են իմքայլականները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում ասաց. «Եկեք մի պահ պատկերացնենք, որ ձեր երիկամում քար կա: Գնում եք բժշկի, ասում եք՝ հեռացրեք այդ քարը: Բժիշկն ասում է՝ շատ լավ, տանում են վիրահատարան, անզգայացնում են, հեռացնում են քարը, դուք ձեր աչքերը բացում եք եւ տեսնում եք, որ վիրահատությունն անցել է հրաշալի: Հետո դուք վերադառնում եք ձեր տուն, սկզբում թվում է ամեն ինչ նորմալ է, հետո հասկանում եք, որ ինչ-որ տարօրինակ բաներ են տեղի ունենում եւ դուք այնքան էլ ձեզ լավ չեք զգում: Վերադառնում եք հիվանդանոց, ասում եք՝ մի հատ ստուգեք, տեսնեմ ինչ հաշիվ է: Ստուգում են, տեսնում են, որ ձեր մի երիկամը չկա: Քարն էլ չկա, իհարկե, բայց երիկամն էլ չկա: Իհարկե, դուք բժշկին ասում եք՝ ո՞ւր է իմ երիկամը, ասում է՝ ո՞նց թե, դուք չասեցի՞ք քարը հանիր, ես էլ քարը հանել եմ: Հիմա այս դրվագում բժշկի պահվածքը մասնագիտական վե՞ճ է, ընթացակարգային խախտո՞ւմ է, բժշկական սխալմո՞ւնք է, բարոյակա՞ն խնդիր է, քաղաքակա՞ն խնդիր է, թե՞ հանցագործություն է: Հիմա մեր ժողովրդավարության երիկամը միայն չեն հեռացրել, ամբողջ օրգան համակարգն են ձեւախեղել ու ձեւախեղել են այնպես, որ երբ ասում ենք՝ եկեք վերականգնենք մարմնի առողջությունը, դուք ասում եք՝ չէ՜, ընթացակարգային խախտում է, խախտումներ չանեք, թե չէ հանկարծ հիվանդը կմեռնի: Եվ սա ասում են հատկապես հին ռեժիմի հոգեզավակները, ովքեր ամեն օր ճամարտակում են իրավաբանության եւ մարդու իրավունքների, սահմանադրականության մասին, այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքական շահերը կերակրելու համար իրավունքի եւ օրենսդրության սպանդանոցներ են ստեղծել եւ օրենսդրությունը մասնատել են, բզկտել են, կերել են: Հիմա, երբ հին ռեժիմի հոգեզավակները խոսում են սահմանադրականության մասին, դա նույնն է, թե մարդակերը խոսա իր կերած մարդկանց անունից: Հիմա ես հարց եմ տալիս՝ կարո՞ղ է մարդակերը խոսել նրանց անունից: Դուք իրավունքի պաշտպաններ չեք, հարգելինե՛րս, դուք իրավունքի ղասաբներ եք, ովքեր կերել են ՀՀ-ի եւ ժողովրդի սահմանադրությունը, իրավունքը, օրենքներն ու օրենսդրությունը»:

Կոնջորյանը վերջում ասաց. «Մենք ունենք ընդամենը մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ունենալու համար ու այդ պատկերավոր փամփուշտը յուրաքանչուրի մեկ քվեն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829