Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ եք անում, որ պայքարում եք, մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ պայքարեք, հազարի դեմ պայքարեք, այ մարդ, բայց օրենքո՛վ պայքարեք». Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլին»

Փետրվար 06,2020 18:13

«Լավ եք անում, որ պայքարում եք: Մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ պայքարեք, հազարի դեմ պայքարեք, այ մարդ, բայց օրենքո՛վ պայքարեք: Օրենքի խախտումները մի կուտակեք ձեր վրա: Չեք կարողանալու դրա տակից դուրս գաք»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում իշխանականներին քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու մասին նախագիծը:

Ըստ Տարոն Սիմոնյանի, ընթացակարգային խախտումներով են բերել նախագիծը, գիտի սրա մասին մեծամասնությունը, չի ուզում լսել, մակերեսային մոտեցում է ցուցաբերում. «Սահմանադրական փոփոխությունների նորմալ ընթացակարգով եւ ձեր ասած ՍԴ-ի խնդիրը պետք է լուծվի, ե՛ւ ընդհանրապես դատական համակարգի: Ինչո՞ւ եք խուսափում նորմալ համակարգային լուծումներից ու ընտրում եք մակերեսայինը: Դուք նշում եք, որ բոլորը մեղավոր են, միգուցե ներս նայեք, կարող է ձեր ընտրած միջոցներն են սխալ: Բոլորը մեղավոր են, բացի ձեզնի՞ց: Երբ վաղաժամ թոշակի նախագիծը եղավ, Վենետիկի հանձնաժողովը հստակ ասաց, որ չպետք է առաջանա այնպիսի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գա, հակասահմանադրական իրավիճակ կառաջանա: Ձեր առաջարկած այս տարբերակով միանգամից հակասահմանադրական իրավիճակ է լինում, միանգամից 7 դատավոր եթե դուրս գա: Անձի իրավիճակը վատթարացնող դրույթների հետադարձությունն արգելված է մեր սահմանադրությամբ: Այո, սահմանադրական փոփոխություն եք կատարում, բայց կան դրույթներ, որոնք անփոխարինելի են, բխում են պետականության հիմքերից ու անձի բնական իրավունքներից, չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել»:

Ըստ պատգամավորի, անցումային դրույթը կարելի էր փոխել, եթե այն կիրառված չլիներ:

Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ իշխանություններն ամենավատ լուծումն են ընտրել իրավաբանական տեխնիկայի առումով, պետք է գոնե «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կարդալ, Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասը կարդալ ու հասկանալ, որ առաջին ընթերցման տապալումից հետո չեն կարող հանրաքվեի դնել այս հարցը ինչպես որ որոշել են անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829