«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններին կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:
Այս մասին կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Համակողմանիորեն քննարկելով ս.թ. մարտի 31-ի ընտրություններին ընդառաջ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ արձանագրում ենք, որ «Շարժում-88» խմբակցությունը իր կառուցողական քայլերով հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների վերաբերյալ ունեցել է կոնկրետ դիրքորոշումներ և հաստատակամ, համեստ քայլերով փորձել իր կառուցողական նպաստը բերել դրանց հետևողական լուծմանը:
Արցախի զարգացման մեր տեսլականը ի լուր բոլորի հնչեցրել ենք դեռևս 2017թ. Հուլիսին՝ ԱԺ նիստում, և այսօր էլ հանձնառու ենք այդ գաղափարների իրականացմանը:
Մեր գաղափարակից և համակիր անդամների հետ քննարկումներից հետո հայտարարում ենք, որ ս.թ. մարտի 31-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համոզված լինելով, որ պետության կերտման ճանապարհին նրա փորձն ու հմտությունները, ինչպես նաև այդ փորձի վերարժևորմամբ ու պատշաճ հետևություններով հնարավոր է կերտել զարգացած ներառական տնտեսություն, ունենալ սոցիալապես արդար միջավայր, որում միակ արժեքը կլինի Արցախի քաղաքացին»:
Կարդացեք նաև
Հայտարարությունը ստորագրել է «Շարժում-88» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանին սատարելու և նրա ղեկավարած կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքին միանալու հայտարարություն էին արել «Արցախի հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Արցախի ազատություն» կուսակցությունները»:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն