Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղիքային վարակով 49 հիվանդներն օգտագործել էին կիլոգրամով վաճառվող էկլեր. ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Զեյթուն Սվիթ»-ի արտադրությունում

Փետրվար 06,2020 17:11

Հոսպիտալացված հիվանդներից կատարվել է նմուշառում և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա, ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել են լուծ, ջերմություն, փսխում ախտանշաններով հիվանդներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը:

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի կիլոգրամով վաճառվող էկլեր:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ևս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Վերջիններս նույնպես նշել են հիշյալ ֆիրմայի էկլերի օգտագործումը:

Դեպքերի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ:

Կատարված համալիր միջոցառումների արդյունքում հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը Լոռու մարզում, 8-ը՝ Սյունիքի։

Ներկա պահին Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33 տուժած, Սյունիքի մարզում՝ 8։ Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:

Նշենք, որ հետազոտությունների շրջանակներում հիվանդներից կատարվել է նմուշառում և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտնել է, որ ստուգում է իրականացրել «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի արտադրությունում. «Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր: Հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզկենտրոնների բժշկական հաստատություններ է դիմել 49 քաղաքացի՝ սննդային թունավորում ախտորոշմամբ: Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգն ստանալուց անմիջապես հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել են վերահսկողական գործողություններ: Մասնավորապես, հիվանդանոց դիմած քաղաքացիների հետ զրույցներից պարզելով, որ բոլորի մոտ թունավորման ախտանշաններն ի հայտ են եկել էկլեր տեսակի թխվածք օգտագործելու արդյունքում, հետագծելիությամբ պարզել են, որ բոլորն էլ կերել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության «էկլեր ջնարակապատ»: Միջոցներ են ձեռնարկվել իրացման ցանցում այն հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել նաև «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրությունում: Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել, սակայն պարզվել է, որ «Էկլեր ջնարակապատ» արտադրատեսակը չի անցել համապատասխանության գնահատում և չունի անվտանգության հայտարարագիր։ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ին տրվել է կարգադրագիր «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» և սահմանվել ժամկետ թերությունը շտկելու համար։

Կատարվել է նաև նմուշառում առկա հումքից՝ ձու, կարագ, սփրեդ, ինչպես նաև պատրաստի արտադրանքից` ջնարակապատ էկլերից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829