Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սա ընդամենը այն է, թե դուք ձեր քարանձավից ոնց եք տեսնում աշխարհը, հաստատ մեր տեսադաշտից աշխարհն այդպես չի երեւում». Վահագն Հովակիմյանը՝ Սամսոնյանին

Փետրվար 06,2020 16:34

ՀՀ սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

Նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը: Ինչպես հայտնել ենք, «Իմ քայլի» պատգամավոր, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, առաջարկում են քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը:

«ԱԺ կանոնակարգը» նախատեսում է նախագիծը ՍԴ ուղարկել առաջին ընթերցումից հետո՝ երկրորդ ընթերցման ընթացքում, իսկ առաջին ընթերցման ժամանակ ՍԴ դիմելու դրույթ, ընթացակարգ չկա: Փոխարենը՝ Սահմանադրության 202 հոդվածն ուղղակի ԱԺ-ին լիազորություն է տալիս սահմանադրական փոփոխությունների չընդունվելու դեպքում 3/5-րդով որոշում կայացնել եւ դիմել հանրաքվեի: «Իմ քայլը» օգտվելու է այս լիազորությունից:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ սահմանադրական արդարադատություն իրականացնելու ճգնաժամ կլինի՝ միանգամից 7 դատավորի պաշտոնավարումը կդադարեցվի: Հետո նա ասաց, որ նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը իրենք են անում՝ հրատապ բերելով խնդրահարույց նախագիծ ու պետության ողնաշարը, ըստ էության կոտրելով. «Սա ձեր կողմից նշված ճգնաժամի լուծման ինստիտուցիոնալ լուծում չէ ու ենթադրում է մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ»:

Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ասում եք՝ մեկ անձի դեմ, բայց 7 անդամի մասին է խոսքը գնում: Պետության ողնաշար կոտրելու մեջ երբեք դուք մեզ չեք կարող մեղադրել, որովհետեւ մենք ամեն ինչ արել ենք պետության մեջքը ձիգ պահելու համար, կորված վիճակից ուղիղ պահելու համար»:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանն էլ հարցրեց՝ ՍԴ-ի ճգնաժամի հետ կապված «Իմ քայլն» ասում է, որ ՍԴ դատավորների եւ անդամների պաշտոնավարման պայմանների մեջ ակնհայտ տարբերություն կա, որի մասին իրավական հանրույթը քննարկումներ է ծավալում, մեզ լուսավորեք, թե ո՞ր իրավական հանրույթի մասին է խոսքը:

Հովակիմյանը պատասխանեց. «Գուցե մեր եւ ձեր տեսադաշտը իրավական հանրույթի տարբեր է, ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ իրավական հանրույթի այն շրջանակը, որը ինձ է ծանոթ, այդ խնդիրը քննարկվում է: Այլ բան է, որ ձեր շփման տեսադաշտի իրավաբանական հանրույթը այլ բան է կարծում, կարծում է, որ ի՞նչ է եղել, թող այսպես մի քիչ շարունակվի, ՍԴ-ն պետությանը վնաս տա, մեկ է, վերջնահաշվարկում քաղաքական մեծամասնությունն է պատասխանատվություն կրելու: Սա ընդամենը այն է, թե դուք ձեր քարանձավից ոնց եք տեսնում աշխարհը, հաստատ մեր տեսադաշտից աշխարհն այդպես չի երեւում»:

Քարանձավ բառից դահլիճում արձագանքներ եղան, Հովակիմյանը շտկեց խոսքը՝ ասելով, որ փոխաբերական իմաստով է ասում, որովհետեւ ամեն մարդ իր քարանձավից է տեսնում աշխարհը, յուրովի. «Ես էլ իմ քարանձավից եմ տեսնում, նայած թե պատկերն ինչպիսին է»:

Սամսոնյանը արձագանքեց. «Սա այն հարցը չի, երբ հարցնենք, ասենք՝ ո՞վ է ուզում փոխեք ՍԴ-ն, ասեք՝ ժողովուրդն է ուզում ու չիմանանք՝ այդ ժողովուրդը Վահագն Հովակիմյա՞նն է, թե՞ Պողոս Պողոսյանը: Երբ ասում ենք իրավական հանրույթ, մենք ի նկատի ունենք մասնագետներ, ովքեր ունեն բարձր կարծիք, թվարկեք մարդկանց, ովքեր ունեցել ենք այդ բարձր կարծիքը, որը հիմնավորման մեջ դուք ներառել եք, հակառակ դեպքում ստացվում է, որ ձեր նշած իրավական հանրույթը միայն ձեր քարանձավի մարդիկ են, ովքեր հակասահմանադրական նախագիծ են բերել ու պարտադրում են ոչ միայն ԱԺ-ին, այլեւ ժողովրդին: Ովքե՞ր են այդ մարդիկ, եթե նույնիսկ նրանք ձեր քարանձավի մարդիկ են»:

Հովակիմյանը պատասխանեց, որ եթե թվարկի, կարող է մեկին մոռանա ու վիրավորի, ուստի հորդորեց, որ Սամսոնյանը «սանրի» լրատվական ցանցը ու տեսնի նրանց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829