«Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ ու ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, որը նոր է նշանակվել ԵԿՄ կառույցի Արաբկիրի մասնաճյուղի ղեկավար, համաձայն չէ քննադատությունների հետ, թե իրեն «Արաբկիրի» ջոկատի տղաները չեն ճանաչում:
«89-ից եղել եմ պատերազմում. իմ մարտական ուղու մեջ կա, բոլորը գիտեն, ովքեր կռվել են: Ինչի ոմանք չեն ճանաչում, իհարկե շատերը ճանաչում են, բայց ես երբեք երկրապահի դուռը չեմ բախել, որովհետեւ կարիք չեմ ունեցել: Երկրապահի դուռը շատ նեղ վիճակում գտնվող մարդիկ են բախում, որ մի բանով գնահատված լինեն, մեր ջոկատի տղաները, որոնք ապրում են Արաբկիրում, չէին ուզում Մանվելի թրի տակ մտնել: Սասունն էլ լուրջ, պարկեշտ մարդ է, որոշեցինք մտնել երկրապահ, մտել եմ երկրապահ իմ անցած մարտական ուղով: Ես Անկախության բանակում եմ կռվել, հրամանատարը եղել է Լեոնիդ Ազգալդյանը, հետո՝ Աշոտ Աղաբաբյանը, եղել եմ հատուկ դասակի հրամանատար 90-ականներին»,- Aravot.am-ին ասաց Սարգիս Միքայելյանը:
Անդրադառնալով սկանդալային պատմություններում իր հայտնվելուն, մասնավորապես՝ դերասան Վահագն Սիմոնյանի հետ ունեցած կոնֆլիկտին եւ նախորդ տարվա սեպտեմբերին մի տարեց կնոջ վրաերթի ենթարկելուն, Սարգիս Միքայելյանը պարզաբանեց, որ Վահագն Սիմոնյանի բողոքը անհիմն լինելու պատճառով կարճվել է: Ըստ մեր զրուցակցի՝ Սիմոնյանը նման մի անհիմն բողոք էլ ներկայացրել էր ընդդեմ Հ2 հեռուստաընկերության: Իսկ ինչ վերաբերում է վրաերթին, ասաց. «Եղել է դժբախտ պատահար, խմած չեմ եղել, ինձ ստուգել են, տատիկ էր, ոտքը կոտրել է, տարել եմ հիվանդանոց: Այդ տատիկով զբաղվել եմ այս չորս ամիսների ընթացքում՝ հոգալով բոլոր ֆինանսական հարցերը: Նա ամուսին, տղա չունի, քրոջ որդին է ամեն ինչով զբաղվել: Մինչ այսօր էլ զբաղվում եմ բոլոր ֆինանսական հարցերով, հետաքրքրվում նրա առողջությամբ: Բոլոր թղթերի մեջ կա, որ հինգ արագությամբ եմ կպել տատիկին: Իսկ այդ դժբախտությունը, Աստված մի արասցե, բոլորի հետ կարող էր պատահել »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Սարգիս Միքայելյանի ֆեյսբուքյան էջից