Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական իրավասու մարմինները չեն ապահովում Գագիկ Խաչատրյանի բուժում ստանալու սահմանադրական իրավունքը

Փետրվար 06,2020 16:05

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը ահազանգում է, որ մշտապես խախտվում են Խաչատրյանի իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժում ստանալու մասով։ Առկա են միջազգային և տեղական բժիշկների կողմից արձանագրված փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը պետք է վիրահատության ենթարկվի, եթե ոչ, ապա կլինեն լուրջ հետևանքներ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

«Եթե այս խախտումները շարունակվեն և անհապաղ լուծում չստանան, ապա կքննարկենք նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը», – նշել է պաշտպանը։

Նա հավելել է, որ փաստաբանական խումբը դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։

«Հուսով ենք և վստահ, որ ՄԻՊ-ը հնարավորինս արագ կարձագանքի այս խախտումներին», – ասել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 8-ից Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Երեմ Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանը մի քանի բժիշկների հսկողության ներքո պետք է բուժում ստանար, սակայն բուժումը չի թույլատրվել և նույն օրը նրան տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

«Հունվարի 22-ից դիմում ենք համապատասխան մարմիններին, որ բուժում ստանա, սակայն ոչ մի արձագանք չկա։ Այս կերպ խախտվում են Կառավարության թիվ 825 N որոշումը, Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, համաձայն որոնց Խաչատրյանը իրավուն ունի հետազոտվել և բուժում ստանալ այնտեղ, որտեղ իր նախընտրած բժիշկն է աշխատում», – պարզաբանել է պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նշել է, ՀՀ կառավարության որոշմամբ և օրենսդրությամբ հստակ սահմանված է. անկախ նրանից, թե քրեակատարողական հիմնարկներում, այդ թվում դատապարտյալների հիվանդանոցում, հնարավոր է բուժում տրամադրել, թե ոչ, եթե անձը ցանկանում է իր ընտրած բժշկի կողմից իր միջոցների հաշվին բուժում ստանալ, այդ իրավունքը ուղիղ պարտադիր պահանջ է, որը պետք է ապահովվի իրավասու մարմինների կողմից։

«Այդ պահանջը մեր կողմից ներկայացվել է 2020թ. հունվարի 23-ից, երբ Գագիկ Խաչատրյանին հետ են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Նշեմ նաև, որ ներկայացվել է փաստաթուղթ, իբր թե Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալ», – ասել է պաշտպանը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հարցումներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ պահանջելով տեղեկատվություն հայտնել, թե ով և երբ է Գագիկ Խաչատրյանին ուղարկել դատապարտյալների հիվանդանոց բուժում ստանալու և երբ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից, քանի որ դա պետք է լինի գրավոր ձևաչափով։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Փաստաբանները միջնորդել էին նաև Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, ինչը ևս մերժվեց։

Խաչատրյանների փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829