Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունը իր դեմ է դուրս գալիս. ԱԺ-ին լիազորություն է տվել սահմանադրական փոփոխությունների չընդունվելու դեպքում 3/5-րդով որոշել եւ հանրաքվե անել

Փետրվար 06,2020 15:55

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել:

Նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը:  Նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլի» պատգամավոր, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը, առաջարկում են քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը:

Հովակիմյանը նիստի ժամանակ ներկայացրեց ողջ նախապատմությունը, թե ինչպես է ընտրվել Հրայր Թովմասյանը եւ, ըստ իրեն՝ ինչքան զուրկ է այս ՍԴ-ն լեգիտիմությունից:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ բա եթե լեգիտիմ չէին, ինչո՞ւ էիք այդ ոչ լեգիտիմ անդամներին պատվով ուղարկում վաղ կենսաթոշակի: Նա նաեւ հարցրեց՝ ասում եք, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում են գործադրել, որ չգնան վաղ կենսաթոշակի, կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ ով ինչպիսի ճնշում է գործադրել: Պետրոսյանին նաեւ հետաքրքրում էր՝ 2015-ին Վահագն Հովակիմյանը լրագրող է եղել, անդրադարձե՞լ է ՍԴ նախագահ ընտրելու օրինականությանը: Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այդ ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր էր, լրագրող չէր ու թերթի էջերում այդ մասին բազմաթիվ հրապարակումներ, խմբագրականներ կան այդ թեմայով: Ինչ վերաբերում է ոչ լեգիտիմ դատավորներին արտոնյալ պայմաններով թոշակի ուղարկելուն, դա պարզված ձեռք էր նրանց՝ ճգնաժամը համատեղ հաղթահարելու:

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը մտահոգված էր, որ հանրաքվեի եթե դրվի, երկիրը երկար ժամանակ կմնա առանց սահմանադրական արդարադատության:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն ասաց, որ պետական շահը ստորադասում են քաղաքական շահին, պետական ինստիտուտը նսեմացնում են՝ այն դեպքում, երբ գործադիրում, օրենսդիրում լծակներ ունեն ու զսպումների, հակակշիռների մեխանիզմ չի լինում: Հովակիմյանը պատասխանեց, որ իրենց առաջարկը բխում է հենց պետական շահից: ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրության 7-րդ գլխին համահունչ ՍԴ-ն, պետական շահն է պարտադրում, որ ժողովուրդն ունենա այնպիսի ՍԴ, որի որոշումները կասկածի տակ չի դնի, չի ասի՝ տեսնես այս անգամ իրենց քաղաքական թիմի համա՞ր են որոշում կայացրել:

Մելքումյանը նաեւ հարցրեց՝ միեւնույն է, նախագիծը պետք է ուղարկվի ՍԴ՝ եզրակացության, չէ՞, Հովակիմյանն էլ պատասխանեց, որ «ԱԺ կանոնակարգը» նախատեսում է նախագիծը ՍԴ ուղարկել առաջին ընթերցումից հետո՝ երկրորդ ընթերցման ընթացքում, իսկ առաջին ընթերցման ժամանակ ՍԴ դիմելու դրույթ, ընթացակարգ չկա. «Փոխարենը՝ Սահմանադրության 202 հոդվածն ուղղակի ԱԺ-ին լիազորություն է տալիս սահմանադրական փոփոխությունների չընդունվելու դեպքում 3/5-րդով որոշում կայացնել եւ դիմել հանրաքվեի: Մենք ուղղակի օգտվելու ենք այս լիազորությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829