Լրահոս
Օրվա լրահոսը

Նարե Հովհաննիսյան. «Երեւան ՔԿՀ-ում պահվող անձինք զբաղվածության հնարավորություն չեն ունենում. այստեղ հատուկ կոնտինգենտի մարդիկ են»

Փետրվար 06,2020 15:45

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման համար թեեւ օրենսդրական փոփոխություններ կատարվում են, սակայն գործնականում իրական փոփոխություններ քիչ են արձանագրվում: Այս կարծիքին է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հովհաննիսյանն ասաց՝ ՀԿ-ն ազատազրկվածների վերասոցիալականացման գործում դիտարկել են մի քանի խնդիրներ՝ աշխատանքով զբաղվածությունը, կրթության կազմակերպման հնարավորությունները, իրենց ազատ ժամանակն արդյունավետ տնօրինելու եւ տարատեսակ միջոցառումների կազմակերպումը եւ այլն: Ազատազրկված անձանց կարեւոր խնդիրներից մեկը արտաքին աշխարհի հետ կապը պահպանելն է:

«Հատկապես խոցելի խմբերի ազատազրկված անձանց վերասոցիալականացման առանձնահատկություններին ու խնդիրներն ենք դիտարկել: ՔԿՀ-ներում աշխատատեղերը քիչ են, վարձատրվող աշխատանքներում ներգրավվում են դատապարտյալները, կալանավորները վարձատրվող աշխատանք կատարելու հնարավորություն չեն ունենում: Մեծամասամբ աշխատանքով զբաղված են ազատազրկված կանայք, իհարկե սա ողջունելի է»,-ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ազատությունից զրկված անձանց զբաղվածության մեկ այլ խնդիր էլ նշեց. օրինակ՝ Երեւան ՔԿՀ-ում պահվող անձինք տարիներ շարունակ զբաղվածության հնարավորություն չեն ունենում. «Երբ մենք այս հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են՝ այնտեղ հատուկ կոնտինգենտի մարդիկ են պահվում: Բայց եթե պետությունը ստանձնել է եւ ազատազրկված պայմաններում պահում է այդ մարդկանց, ապա հատուկ կոնտինգենտի մարդկանց հետ պետք է զբաղվածության հատուկ ծրագրեր իրականացնի եւ հատուկ զբաղվածություն ապահովի»:

ՀԿ-ի նախագահի ներկայացմամբ՝ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձինք նաեւ չվարձատրվող աշխատանքներ են կատարում. «Դրանք հիմնականում տեխնիկա-տնտեսական աշխատանքներն եմ: Չվարձատրվող աշխատանքը պիտակավորված է, դրանք են՝ տարածքների մաքրությունը, կոյուղու մաքրություն, այս աշխատանքներն անում են խոցելի խմբերը, մասնավորապես ԼԳԲՏ համայնքի անձինք»:

Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ ՔԿՀ-ներում որոշակի դասընթացներ են կազմակերպում ՀԿ-ները, բայց դրանք ժամանակավոր են: Ազատությունից զրկված անձինք պատժի կրման ժամկետը լրանալուց հետո աշխատանք գտնելու խնդիր են ունենում: Զբաղվածության պետական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, ինչպես ասաց ՀԿ-ի նախագահը, 2016-18 թվականներին եղել են անձինք, ովքեր զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են, բայց 3 տարում 3 անձ է տեղավորվել աշխատանքի:

«Բավականին շատ են այն անձինք, ովքեր ազատ արձակվելուց հետո վերադառնում են ՔԿՀ, քանի որ այնտեղ նրանց կենցաղի հարցը լուծված է, սնունդն ու բուժծառայության հարցը լուծված է, բայց դուրս գալով ՔԿՀ-ից եւ բախվելով այդ խնդիրներին՝ հանցագործություն կատարելու եւ ՔԿՀ վերադառնալու գայթակղությունը մեծ է»,-ասաց Հովհաննիսյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829