Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» քաղաքական նոր որոշում է կայացրել՝ ՍԴ նախագահի եւ հին անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դրվում է հանրաքվեի

Փետրվար 06,2020 14:56

ՀՀ սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծի առաջին ընթերցման օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլի» պատգամավոր, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը խոսեց Սահմանադրական դատարանի լեգիտիմության պակասի մասին. «Գործող ՍԴ-ի առնվազն 7 անդամները ունեն պատասխանատվություն ՀՀ-ում ավելի քան 2 տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների խեղաձեւման, ժողովրդի կամքի վրա բռնանալու, այդ գործընթացը չկասեցնելու, Սահմանադրության 2-րդ հոդվածի կիրարկումը չապահովելու համար: Ըստ էության, բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իրենց պատասխանատվությունը: Եվ այն, որ տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն, հանրաքվեից հանրաքվե ժողովրդի կամքը բռնաբարվում էր, սա տեղի էր ունենում ՍԴ-ի լուռ համաձայնության պայմաններում, երբեմն իրենց նաեւ գործուն մասնակցությամբ: Պետք է ընդամենը հետ գնալ ու թերթել այդ տարիների մամուլը, որպեսզի սրանում մենք համոզվենք: Արդյունքում մենք ունենք հանրային ամենացածր վստահություն վայելող պետական մարմին: Պետական մարմին, որը դե ֆակտո իր լիազորություններն իրականացնում է, բայց ամեն անգամ, երբ որ այս մարմինը խնդիր կունենա որեւէ հնչեղ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու, ամենաիդեալական որոշումն էլ եթե կայացնի հանրության կողմից այս տոտալ անվստահության պայմաններում, միեւնույն է, այդ որոշումը վիճարկվելու է հանրության կողմից: Հանրությունը չի ընդունելու այդ որոշումը, որովհետեւ հանրությունը, ի դեմս այս ՍԴ-ի, տեսնում է այն ՍԴ-ն, որը տարիներ շարունակ ծեծերը, ջարդերը, ընտրությունները կեղծելը դակում էր, հաստատում էր, ասում էր՝ դե լավ, մի թեթեւ բան է եղել, մի քիչ կեղծել են, բայց դա չի ազդել արդյունքների վրա, ասենք, 2008-ին էլ մարդ են սպանել, կեղծել են, բայց դե հիմի…ու այսպես շարունակ: Սրանով է պայմանավորված, որ հանրությունը չի ընդունում այս ՍԴ-ն: Սա փաստ է ու ոչ ոք չի կարող ժխտել»:

Որպես փաստ, Վահագն Հովակիմյանը ներկայացրեց նաեւ այն, որ եթե ՍԴ-ի այս կազմը մնա, ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն է պահպանվում, նորընտիրները պաշտոնավարելու են 12 տարի իրենց ընտրվելուց հետո, իսկ գործող դատավորների մի մասը պաշտոնավարելու է մինչեւ 70 տարեկանը լրանալը, 5-ը պաշտոնավարելու են մինչեւ 65 տարին լրանալը, արդյունքում ունենք մի իրավիճակ, որ ՍԴ անդամներից մեկը պաշտոնավարելու է 33 տարի՝ ուղղակի հակասելով Սահմանադրության 7-րդ գլխին, իսկ նորընտիր անդամները՝ 12 տարի:

Անդրադառնալով հետհեղափոխական շրջանին՝ Հովակիմյանն ասաց, որ Հրայր Թովմասյանն անգամ 2018-ի հեղափոխությունից հետո որքան էլ ցավալի է, շարունակեց հանդես գալ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ, որպես քաղաքական ընդդիմադիր՝ՀՀ ժողովրդի կամքով ընտրված իշխանություններին. «Փաստորեն, վերջին ավելի քան 20 տարում 2018-ի դեկտեմբերի 9-ին ընտրվել է խորհրդարան, որն ընտրվել է Սահմանադրության 2-րդ հոդվածի ոգուն, տառին համապատասխան, մի մազաչափ շեղում անգամ չի եղել, ու Հրայր Թովմասյանը դիրքավորվեց որպես ժողովրդի իշխանության ընդդիմախոս: Ավելին, նա իր գործունեությունը բնութագրել էր խրամատում դիրքավորված: Ես համոզված եմ, որ դա հայ դիրքապահների խրամատը չի, որովհետեւ հայ դիրքապահների խրամատը դիմացն ունի թշնամի: Հրայր Թովմասյանի խրամատի դիմացը ՀՀ ժողովուրդն է ու հաստատ դա մեր հայ դիրքապահների խրամատը չի»:

Իսկ թե ինչպես են փորձում ՍԴ-ի խնդիրը լուծել՝ Հովակիմյանն ընդգծեց, որ ամեն ինչ արել են՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը հանգուցալուծելու, ճգնաժամը լուծելու համար այնպես, որ ՍԴ անդամները այդ հանգուցալուծման գործում ունենան իրենց մասնակցությունը: ՍԴ անդամները, վարույթ չընդունելով Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, ըստ պատգամավորի, դարձան Հրայր Թովմասյանի համախոհները, այդպես հայտնեցին իրենց դիրքորոշումը՝ դառնալով Հրայր Թովմասյանի արածների համահեղինակը:

Ինչպես նշեց Հովակիմյանը, նույնիսկ այդքանից հետո կառավարությունը ձեռք մեկնեց ՍԴ անդամներին ու հնարավորություն տվեց, որ ՍԴ անդամներն իրենք նպաստեն այս ճգնաժամի լուծմանը՝ ընդունվեց վաղ կենսաթոշակի մասին օրենքը: Բայց քանի որ ՍԴ դատավորների մի մասը հայտարարեց, որ չեն օգտվելու դրանից ու սկսեցին «հոգեբանական ճնշում» գործադրել մյուսների վրա, հասկանալի էր, որ այս օրենքն էլ հարցը չի լուծելու:

Ուստի այսօր Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների պաշտոնավարումը:

Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը. «ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառումն է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին ու մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829