«Ընթացակարգը հստակ նախատեսված է, շարժվելու ենք այդ ընթացակարգով: Նախագիծը նախեւառաջ պետք է քննարկվի ԱԺ-ում, եւ ելնելով քննարկման արդյունքից՝ պետք է սահմանված ընթացակարգով առաջնորդվենք: Եթե արժանանա ԱԺ հավանությանը եւ հավաքի բավարար քանակության ձայներ, իհարկե՝ այո»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանն առնչվող աղմկոտ օրինագիծն, ի վերջո, ուղարկվելո՞ւ է ՍԴ եզրակացությանը, թե՝ ոչ:
Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլի» 37 պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է չեղյալ համարել Սահմանադրության 213 հոդվածը, որի արդյունքում կդադարեցվեն ՍԴ դատավորների, բացառությամբ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի, լիազորությունները:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՍԴ-ն շրջանցող օրինագծի հետկանչմանը՝ Վլադիմիր Վարդանյանը դրա հակասահմանադրական լինելու հարցին ի պատասխան դիրքորոշում չհայտնեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ